Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռանալու և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման շուրջ:
Նա հայտնեց, որ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում, երբ նա եկել էր Հանրապետության հրապարակ՝ ցուցարարների մոտ:
Հանրապետության հրապարակում երեկոյան հանրահավաքի ժամանակ իր ելույթում Փաշինյանը պնդեց, թե Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ Հայաստանում ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ, և արդեն սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: Նա «եղբայրաբար» խորհուրդ տվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին ու Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ հայտնել վարչապետին այդ մասին:
Ընդդիմադիր առաջնորդը թվարկեց կետերը, որոնք, ըստ նրա, կարող են ընկած լինել անցնցում իշխանափոխության հիմքում, այդ թվում՝ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը, ժողովրդի, ցուցարարների առաջադրած թեկնածուի նշանակումը վարչապետ, Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի կառավարության ծրագիրը չհաստատելը, խորհրդարանի լուծարումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց ազատ և արդար անցկացումը պետք է երաշխավորվի փոխադարձ համաձայնություններով և օրենսդրությամբ:
Փաշինյանը նախագահին ասել է նաև, որ չի ցանկանում բանակցել կառավարական շենքում, և առաջարկել է բանակցություններն անցկացնել «չեզոք» տարածքում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Զրույցի ժամանակ հնարավոր բռնության վերաբերյալ Արմեն Սարգսյանի մտավախությանը Փաշինյանը, իր փոխանցմամբ, արձագանքել է, որ երաշխավորում է ցուցարարների՝ բռնությունից զերծ մնալը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ թեև նախագահը նոր Սահմանադրությամբ սահմանափակ լիազորություններ ունի, սակայն լինելով Սահմանադրության երաշխավոր՝ նա պարտավոր է ապահովել իրավապահ մարմինների կողմից բռնություն չգործադրելը խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Ընդդիմադիր առաջնորդը հայտարարեց, որ բանակցություններին մասնակցության համար ցուցարարները պետք է լիազորեն իրեն, ինչին հանրահավաքի մասնակիցները պատասխանեցին հավանության բացականչություններով: