Մատչելիության հղումներ

Արարատում բռնության է ենթարկվել «Ազատության» լրագրողը


«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած անձը:
«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած անձը:

Վաղ առավոտից հայտարարված էր, Արարատ քաղաքում պետք է ցույց տեղի ունենար: Սակայն, ինչպես արձանագրեց «Ազատության» տեսախցիկը, քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր, բնակիչների պնդմամբ, քաղաքապետարանի աշխատակիցներ են, մարզի գյուղերի համայնքապետեր, փորձում էին իրենց ծանոթներին հեռացնել հրապարակից:

Արարատի քաղաքապետը, դիմելով ցուցարարներին, ասաց, թե արարատցիները չեն դժգոհում իրենց կյանքից, և Արարատում ցույցեր տեղի չեն ունենա: Քաղաքապետը հավալեց, որ հավաքն արտոնված չէ:

Ցուցարարները որոշեցին ավտոերթ իրականացնել, հասնել Երևան և այնտեղ մասնակցել բողոքի ակցիաներին:

Արարատ քաղաքից մեկնարկած ավտոերթն առաջնորդում էր Նոր Կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որ ավտոերթը շարունակվի՝ շրջափակելով Սարգսյանի մեքենան:

Այնուհետև ոստիկանությունը բեռնատար ավտոմեքենա բերեց, որով Գարիկ Սարգսյանը, նրա մեքենայում գտնվող ընտանիքի անդամները տեղափոխվեցին տուգանային հրապարակ:

Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք ծեծում էին Սարգսյանի աջակիցներին, որոնք փորձում էին թույլ չտալ, որպեսզի նրա մեքենան տեղափոխվի տուգանային հրապարակ:

Այդ անձանցից մեկը հարվածեց «Ազատության» լրագրողի դեմքին, երբ վերջինս փորձում էր տեսագրել, թե ինչպես է նա հարվածում մեկ այլ քաղաքացու:

Միջադեպի ականատես ոստիկանները որևէ կերպ չմիջամտեցին:

Այսօր երեկոյան Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «Ազատության» լրագրողի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG