Մատչելիության հղումներ

Էրեբունիում ավտոերթ անցկացվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության


Այսօր առավոտյան Էրեբուն վարչական շրջանում ավտոերթ անցկացվեց՝ ի աջակցություն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարի:

Երթի նախաձեռնողը «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էր։ Դեռ երեկ նա Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե լսել է, որ Էրեբունիում «ուժեղ» տղերք են հայտնվել ու ասել են` էս թաղում չեն կարա փողոց փակեն, երթ անեն։ «Ուրեմն ասեմ. վաղը հավաքվեք էդ տղերքով, գալիս ենք», - գրել էր Սանասարյանը։

Երբ ավտոերթի մասնակիցները սկսեցին բողոքի ակցիան՝ ճանապարհային ոստիկանությունը փողոցի մեջտեղում կանգնեցրեց Դավիթ Սանասարյանի ընկերոջ ավտոմեքենան, ինչից հետո փորձում էին այն տանել տուգանային հրապարակ՝ պնդելով, թե նրանք փակել են ճանապարհը։

«Ունենք կարգադրություն, որ մեքենան հրապարակ ենք տանելու: Եթե Դուք հիմա չենթարկվեք իմ օրինական պահանջներին․․․», - ասում էր ոստիկանը:

«Սա օրինական պահանջ չի, Դուք հիմա խուլիգանություն եք անում», - նրա խոսքը կտրեց Սանասարյանը:

Ակտիվիստը ոստիկաններին էր մեղադրում, որ իրենց ավտոմեքենան հենց փողոցի մեջտեղում կանգնեցրեցին՝ պարզաբանելով՝ որ ոստիկանները թույլ չեն տալիս խաղաղ ավտոերթ անցկացնել։

Ի վերջո, ճանապարհային ոստիկանը վերցրեց Սանասարյանի ընկերոջ փաստաթղթերը։

«Իմ ընկերոջ փաստաթղթերը ՃՈ աշխատակիցը վերցրեց ու գնաց: Սա գողություն ա», - հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Տևական բանավեճից հետո, սակայն, նրան հաջողվեց հետ վերցնել փաստաթղթերը, սակայն Սանասարյանի երկու ընկերներին տեղափոխեցին ոստիկանություն։

Ի վերջո, ավտոերթը մեկնարկեց։ Այն անցավ Էրեբունու տարբեր փողոցներով, և հասավ Նոր Նորք, որտեղ այդ պահին Նիկոլ Փաշինյանը քայլերթ էր նախաձեռնել։ Սանասարյանը միացավ Փաշինյանի քայլերթին։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ այս ավտոերթը ցույց տվեց, որ ոչ ոք իրենց չի կարող խոչընդոտել խաղաղ հավաքներ և երթեր անել: - «Այո, ուրիշ տարբերակ չէր կարա լիներ», - եզրակացրեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG