Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը զսպվածության կոչ է անում


Բակո Սահակյան, արխիվ

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը հայաստանյան իրադարձությունների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է․

«Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին: Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է և հղի վատագույն հետևանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության և սահմաններում տիրող իրավիճակի վրա:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է մեր ներքին կայունությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության և պատասխանատվության բարձր աստիճան: Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի և հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG