Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի՝ երկխոսելու կոչը


ՀՅ Դաշնակցությունը ողջունում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ:

«Ողջունում ենք ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար:

Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել: Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով: Այս հեռանկարը մենք իրական ենք համարում:

Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներով ու ռիսկերով. խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար»,- նշված է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG