Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու որոշում է կայացրել, Փաշինյանը տեղեկացվել է այդ մասին


Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ: Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը»:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:

Ոստիկանությունը այս որոշումը հիմնավորում է, նշելով, որ Փաշինյանը հավաքներ ու երթեր է կազմակերպում, «որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին» և որ դրանց ընթացքում «Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ»: Այլ հիմնավորումների թվում նշվում է, որ «հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ: Ատելություն և անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջև բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը»:

Մատնանշելով Սահմանադրության 5-րդ հոդվածը, Ոստիկանությունը փաստում է․ - «Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG