Մատչելիության հղումներ

Փաշինյանը պատրաստ է քննարկել «իշխանության անցնցում փոխանցման» հարցը


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ստեղծված կացությունից ելքը գործող խորհրդարանի կողմից «ժողովրդի թեկնածու հանդիսացող ժամանակավոր վարչապետի» ընտրությունն է:

Երեկ երեկոյան «Ազատության» հետ զրույցում դիտարկմանը, թե ներկայիս խորհրդարանում մեծամասնություն են կազմում հանրապետականները, հետևաբար նրանք, իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ, չեն ընտրի ժողովրդական թեկնածուին, Փաշինյանը պատասխանեց․ «Ո՞նց չեն ընտրի, ժողովրդի ճնշումը պետք է հանգեցնի դրան: Եթե նրանք ուզում են անցնցում իշխանափոխություն, պետք է դա անեն, հակառակ դեպքում Հայաստանը ճգնաժամից դուրս չի գա»:

«Իսկ ինչու՞ եք կարևոր համարում, որ ժամանակավոր վարչապետին ընտրի գործող խորհրդարանը, և առաջին հերթին չեք պահանջում խորհրդարանի ցրում»,- այս հարցին, Փաշինյանը պատասխանեց․ «Որովհետև այդ պարագայում Հանրապետականը կշարունակի մնալ ժամանակավոր կառավարության կարգավիճակում: Պարզապես պետք է այնպես անել, որ մաքսիմալ անցնցում լինի այդ փոփոխությունը»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ իշխանափոխությունն «ակնհայտորեն» տեղի է ունենալու, և այժմ խնդիրն այն է, որ դա դրվի «ֆորմալ պրոցեդուրաների մեջ»: Իսկ երաշխիքը, որ քաղաքական մեծամասնությունը չի խոչընդոտի այդ գործընթացներին, այն է, որ դա պետք է լինի «քաղաքական պայմանավորվածության մասը»:

«Մենք պատրաստ ենք այս հարցը քննարկել: Այսինքն՝ քննարկման վերնագիրը Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության անցնցում փոխանցման հարցի քննարկումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ «Ելք» խմբակցությու՞նն է առաջադրելու ժողովրդական թեկնածուին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ժողովրդական թեկնածուին ժողովուրդն է առաջադրելու, իսկ ֆորմալ առումով այո, կարող է նաև «Ելքը» առաջադրել, կամ բոլոր խմբակցությունների կոնսենսուով առաջադրվի»:

Ո՞վ է ժողովրդի թեկնածուն, այս հարցին Փաշինյանն արձագանքեց․ «Երբ որ այդ հարցը որոշելու օրը կգա, կտեսնենք»: Նա չբացառեց, որ այդ թեկնածուն կարող է լինել նաև ինքը: «Այդպիսի սցենար կարող է տեղի ունենալ, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է այդպիսի պատասխանատվություն վերցնեմ, ես այդպիսի պատասխանատվություն կվերցնեմ»,- ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG