Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը զգուշացնում է՝ «ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն»


Ցուցարարները և ոստիկանները Երևանում, 19-ը ապրիլի, 2018թ․
Ցուցարարները և ոստիկանները Երևանում, 19-ը ապրիլի, 2018թ․

«Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը», - հայտարարում է Ոստիկանությունը:

«Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ», - ասված է հայտարարությունում:

«Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը», - նշում է Ոստիկանությունը՝ հայտնելով, որ «ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ»:

«Ապօրինի հավաքի ճանապարհների երթևեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին և ապահովել վերջինիս մասնակիցների անվտանգությունը», - ասված է հայտարարությունում:

Ոստիկանության մեկ այլ հայտարարությունում ասված է․ - «Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG