Մատչելիության հղումներ

Ասադը Ֆրանսիային է վերադարձրել Պատվո լեգեոնի շքանշանը


Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը Ռումինիայի դեսպանությանն է փոխանցում Պատվո լեգեոնի շքանշանը, 19-ը ապրիլի, 2018թ․
Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը Ռումինիայի դեսպանությանն է փոխանցում Պատվո լեգեոնի շքանշանը, 19-ը ապրիլի, 2018թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ում արևմտյան երկրները մեղադրում են պատերազմական հանցագործությունների մեջ, Ֆրանսիային է վերադարձրել Պատվո լեգեոնի շքանշանը, որով պարգևատրվել էր 2001 թվականին:

Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ շքանշանը հինգշաբթի օրը փոխանցվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որն այժմ Սիրիայում ներկայացնում է նաև Ֆրանսիայի շահերը:

France-Presse-ի հետ զրույցում Ասադի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայի նախագահը շքանշանը վերադարձրել է ի նշան բողոքի ապրիլի 14-ին իր երկրի տարածքում հրթիռային հարվածների դեմ, որոնց մասնակցել է նաև Ֆրանսիան:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածներ են հասցրել ի պատասխան սիրիական բանակի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառման:

Դեռևս երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնել էր, որ Փարիզը Ասադի պարգևատրման վերանայման գործընթաց է սկսել:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի ամենաբարձր պարգևներից մեկին է արժանացել հոր մահից հետո երկրի կառավարման ղեկը ստանձնելիս:

Ֆրանսիան Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրել է հարյուրավոր օտարերկրացիների՝ այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG