Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, և նշել՝ «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»:

Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել է երեկ Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների և նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG