Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանում ծավալված իրադարձություններին


Երևան, 19-ապրիլի, 2018 թ․

«Մոտ 16 հազար մարդ է մասնակցել նոր վարչապետի դեմ Հայաստանում կազմակերպված բողոքի ակցիաներին»,- գրում է բրիտանական Daily Telegraph-ը` մանրամասնորեն ներկայացնելով երևանյան բողոքի գործողությունների ընթացքը:

«Հայաստանում այժմ հեղափոխական իրավիճակ է: Եթե ցուցարարների թիվն աճի, Սարգսյանը ստիպված կլինի հրաժարական ներկայացնել»,- բողոքի ցույցի մասնակիցներից մեկի` 42-ամյա Անահիտ Առուստամյանի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը:

Daily Telegraph-ը նաև հիշեցնում է, որ սրանք Սերժ Սարգսյանի դեմ ուղղված առաջին լայնամասշտաբ բողոքի ակցիաները չեն: «2008-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի արձանագրած առաջին հաղթանակից հետո10 մարդ զոհվեց և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ոստիկանության և պարտված թեկնածուի կողմնակիցների միջև արյունալի բախումների ընթացքում»,- գրում է թերթը:

Ամերիկացի աջերի խոսափողը համարվող Breitbart-ը ևս անդրադառնում է երևանյան բողոքի գործողություններին, գրելով․ «Հայաստանյան խաղաղ թավշյա հեղափոխության առաջնորդը սպառնում է կաթվածահար անել ողջ երկիրը: Ցույցերի համար խթան հանդիսացավ նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո խոստացել էր չառաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն հետագայում դրժեց իր այդ խոսոտւմը»:

Ամերիկյան The Washington Post-ը և լոնդոնյան Daily Mail-ը հայաստանայն իրադարձություններին անդրադարձել են` արտատպելով AP գործակալության «Ցուցարարները բողոքում են նախկին նախագահի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեմ» վերնագրված հոդվածը: «Հակակառավարական ցույցերի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են»,- իր հերթին գրում է գերմանական Deutsche Welle-ն`ներկայացնելով երևանյան ակցիաների նախապատմությունը:

«Վերջին մեկ շաբաթում հազարավոր հայաստանցիներ դուրս եկան Երևանի փողոցներ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի` իշխանության ղեկին մնալու գործողությունների դեմ, ջանքեր, որոնք նա գործադրում է իր երկրորդ՝ և վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո»,- նաև կարդում ենք Deutsche Welle-ի կայքում:

Հայաստանյան իրադարձություններին են անդրադարձել նաև գերմանական մի շարք այլ պարբերականներ` «Stern» և «Spiegel» հանդեսները, «Süddeutsche Zeitung», «Frankfurter Rundschau», «Neues Deutschland» թերթերը:

Երևանյան իրադարձությունները չի անտեսել նաև թուրքական մամուլը: Milliyet պարբերականի կայքում, օրինակ, արդեն իսկ զետեղվել է այսօր կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող տեսագրությունը: Հայաստանյան դեպքերի մասին հրապարակումներով հանդես եկել նաև իշխանամետ Sabah-ը, Haberturk ալիքը, Cumhurriyet օրաթերթը:

Թուրքական ամենահայտնի անգլալեզու պարբերականը` Hurriyet Daily News-ն էլ այսօր տպագրել է Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Թուրգութ Քերեմ Թունջելի «Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարաման. փոփոխություն թե՞ շարունակականություն» վերնագրված հոդվածը:

«Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական համակարգին հազիվ թե կարելի է ժողովրդավարացման փորձ կամ փոփոխությունների խթան անվանել: Իրականում սա այն է, ինչի մասին խոսում էր ընդդիմությունը 2015 թվականին․ իշխանությունն ամրապնդելու նպատակով Սարգսյանի ու հանրապետականների կողմից ձեռնարկած խաղ:

Այդ իսկ պատճառով՝ անցումը կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին հազիվ թե որևէ փոփոխության հանգեցնի Հայաստանի արտաքին կամ ներքին քաղաքական ասպարեզներում: Ըստ ամենայնի, տեսանելի ապագայում Հայաստանը կմնա նույնը»,- գրում է թուրք փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG