Մատչելիության հղումներ

Ժամը 18-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 123-ի


Երևան, 19-ը ապրիլի, 2018 թ․

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ այսօր բերման ենթարկվեցին կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից, նաև մայրաքաղաքի այլ հատվածներից։ Ոստիկանության տվյալներով՝ այսօր ժամը 18-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման ենթարկվածների թիվը հասել է 123-ի։

85 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, նրանք ազատ են արձակվել, իսկ 38 մարդ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմնին: Երեկ, հիշեցնենք, բերման էր ենթարկվել 87 քաղաքացի:

Օրվա երկրորդ կեսին ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ բերման ենթարկվեց Նոր Կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Նրան տեղափոխել են ոստիկանության Վեդիի բաժին: Այս մասին «Ազատությանն» ասաց նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը, հավելելով, որ Գարիկ Սարգսյանն արդեն ազատ է արձակվել:

Բերման ենթարկված ակտիվիստներից է նաև ուսանող Հարություն Խաչատրյանը։ Նա ոստիկանություն էր տեղափոխվել Վարդանանց փողոցից, երբ համախոհների հետ փորձել է շրջափակել Կառավարական 3 մասնաշենքի մուտքերը։ Նա «Ազատությանը» պատմեց՝ երբ նկատել է, որ ընկերներն արդեն ոստիկանական ավտոմեքենայում են, պառկել է ավտոմեքենայի տակ, որպեսի այն տեղից չշարժվի, սակայն ոստիկաններն ուժ կիրառելով՝ իրեն դուրս են բերել ավտոմեքենայի տակից և մյուսների հետ բերման ենթարկել․ ««Գազելի» տակից քաշեցին տարան»:

Ոստիկանության կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո Հարությունն ասաց, որ իրեն թույլ են տվել տուն գնալ, անձնագիր վերցնել ու ներկայանալ ոստիկանություն՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու։ Հարությունի հագուստը պատառոտված էր։ Ասում էր, որ հագուստը պատառվել է բերման ենթարկվելիս, մարմնի վրա տարբեր վնասվածքներ ուներ։ Ուսանող ակտիվիստի ձայնն արդեն 5 օր է կտրված է, ստիպված շշուկով է խոսում: Ասում է, որ դա չի խանգարի շարունակել պայքարել։

«Ազատության» այցելության պահին Կենտրոնի ոստիկանությունում 8 ցուցարարներ էին պահվում։ Դրսում գտնվող նրանց ընկերներն ասում էին, որ ոստիկանությունն օրեր շարունակ խախտումներով է ցուցարարներին բաժիններ տանում։ Յուրի Ավագյանը պատմեց, որ երկու օր առաջ իրեն ոստիկանություն են տարել, պահել նախատեսված 3 ժամից ավելի։ Իրեն բերման էին ենթարկել հենց մայթից:

«Թե ո՞ր օրվանից է մայթին կանգնելը հասարակական կարգի խախտում, էդ ես չգիտեմ: Դա իրենց տակտիկան ա, չակերտավոր: Ըստ օրենքի, 3 ժամից ավելի պահելու իրավունք չունեն, եթե իրավական հիմքեր չունեն: Բայց անձամբ ինձ, նաև Դավիթ Պետրոսյանին 8 ժամից ավել պահել են: Ու դա անում են շատ լկտի ձևով»:

Ավելի ուշ ոստիկանություն տարվեց նաև «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Նա «Ազատությանն» ասաց․ «Մեծ խմբով էին, իմ կարծիքով անհամաչափ ուժի կիրառում ա տեղի ունեցել: Ոստիկանները մոտեցան և բռնի ուժով մեր ընկերոջը նստեցրեցին քաղաքացիական մեքենա: Մենք խնդրեցինք բաց թողնել, ներկայացնել հիմքերը, խնդրեցինք ներկայանալ»:

Տեսնելով, որ ոստիկանները չեն արձագանքում Գոհար Աբաջյանն ու նրա ընկերները փակել են ոստիկանների ավտոմեքենայի ճանապարհը, ինչից հետո, իր խոսքով՝ բռնի ուժով տեղափոխվել է ոստիկանների ավտոբուս։ «Այնուհետև մի քանի ոստիկան մեզ ևս շատ կոպիտ ձևով նստեցրեցին քաղաքացիական ավտոբուս, որտեղ ոստիկանական հագուստներ կային:

Ամբողջ ճանապարհին նրանք չներկայացան ու չներկայացրին հիմքերը, թե ինչու են մեզ բերման ենթարկում: Այդ ընթացքում մի պատահական անցորդի, ում նույնպես բերման էին ենթարկում, հարց տալու համար հարվածեցին, խփեցին ավտոբուսի պատին»,- պատմեց Գոհար Աբաջյանը: Պատգամավորի կինը պատմեց նաև, որ ոստիկանությունում իրեն տուգանքի են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Բայց, Գոհարն Աբաջյանի խոսքով՝ ոստիկաններն այդպես էլ չեն ներկայացել, ոչ էլ ներկայացրել են բերման ենթարկելու հիմքերը։

Կոմիտասի պողոտայի նույն հատվածում, ինչպես «Ազատությանը» պատմեց ցույցերի մասնակից Արսեն Մանուկյանը, մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել։ Փողոցը փակած Արսեն Մանուկյանի ավտոմեքենան է նստել մի ոստիկան և պահանջել այն վարել դեպի ոստիկանություն։ Արսենի պնդմամբ՝ ոստիկանի պահանջը անօրինական էր:

Արաբկիրի ոստիկանություն էր եկել նաև «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ Գրիբոյեդովո-Կոմիտաս խաչմերուկից ոստիկանություն են տարվել 6 քաղաքացի, որոնցից մեկի ձեռքը ոստիկանները վնասել են: «Անի Միքայելյանն էր, ինձ մոտ գանցված է, լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց պատգամավորը:

Իսկ Կենտրոնի ոստիկանություն այսօր այցելել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ազատության» հարցին՝ ինչպես է գնահատում ոստիկանների գործողությունները, Մարուքյանը պատասխանեց․ «Ես բռնությունների հետ կապված խոսեցի, իրենք ասում են՝ մենք պահանջում ենք, որ գան բաժին, կա բերման որոշում, բերման ենք ենթարկում: Ովքեր դիմադրում են, այդ ընթացքում հնարավոր է, որ վնասվածքներ ստանան: Բայց ոստիկանները պնդում են՝ եթե իրենք իրենց կամքով գան, որևէ բռնություն չի լինի: Սա ոստիկանների պնդումն է: Ակտիվիստների հետ դեռ չեմ հասցրել զրուցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG