Մատչելիության հղումներ

«Հեղափոխության ալիքն ավելի շատ զարգանալու է, քան թե մարելու». Արմեն Գրիգորյան


«Ես համոզված եմ, որ այս գործընթացը հեղափոխության մեծ ալիք է, ինքն ավելի շատ զարգանալու է, քան թե մարելու է», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով շրջանառվող այն պնդումներին, թե «մարդկանց տանել-բերելով շարժումը մարելու է»։

«էս գործընթացը, էս հեղափոխությունը չի կարող մեկ կամ երկու օրում մարի, սա երկարաժամկետ գործողություն է։ Երիտասարդությունը, քաղաքացիները ազատության շունչը զգացել են և պատրաստ են երկարաժամկետ գործողությունների», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Ես համոզված եմ, որ մարդիկ հասկանում են, որ չես կարող մի օրում ինչ-որ բան փոխել, եթե նայեք ալիքը, երեկ ավելի քիչ մարդ կար քան թե այսօր, և մարդիկ պատրաստ են այս մեծ խմբով երթ կատարել։ Սա միայն խոսում է շարժման վերելքի մասին, և համոզված եմ, որ մարդիկ պատրաստ են որոշակի համբերություն դրսևորել, որպեսզի ունենանք հաղթական ավարտ»։

«Ազատության» դիտարկմանը, թե շրջափակման մասով գործողություններն ըստ էության ոչինչ չեն փոխում, աշխատակիցները հանգիստ ելումուտ են անում, պետական համակարգը կաթվածահար չի լինում, նախաձեռնության անդամն այսպես արձագանքեց. - «Կաթվածահար երբ որ ասում ենք, դա միանգամից չի լինում, օրինակ երեկ չէ առաջին օրը մենք գործողություններ ենք իրականացրել, իսկ երեկ ԿԳՆ-ում փակվել է «Ազատության» կայքը։ Միանշանակ ԿԳՆ-ն չի հաստատում այս լուրը, բայց ինֆորմացիան ճշտված է, ներքին ինֆորմացիա կա, որ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել կայք։ Սա ևս կաթվածահար անել է, երբ որ նախարարությունն ինքն իրեն շրջափակում է, հայտնվում է փշալարերից այն կողմ»։

Նշենք, որ ցուցարարները շրջում են Երևանի փողոցներով՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ակցիան իրականացնում է ընդդեմ ոստիկանական գործողությունների՝ պահանջելով ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։

Նշենք, որ այսօր ժամը 13։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG