Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Համոզված եմ, որ այդ պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցությանը, տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների զարգացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան փոխգործակցությանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին», - ասվում է Մեդվեդևի ուղերձում:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեդվեդևն իր ուղերձում նաև ընդգծել է «Սարգսյանի անձնական ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»:
Հայաստանի երրորդ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվեց ապրիլի 17-ին, նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց նշանակման հրամանագիրը: