Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը լուծարեց կառավարությունը


Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ջեենբեկովը և նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, Բիշքեկ, 24-ը նոյեմբերի, 2017թ.
Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ջեենբեկովը և նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, Բիշքեկ, 24-ը նոյեմբերի, 2017թ.

Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ջեենբեկովը լուծարել է վարչապետ Սապար Իսակովի կառավարությունը, որին ավելի վաղ խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն էր հայտնել:

Վերլուծաբանների փոխանցմամբ, դա վկայում է գործող նախագահ Սորոնբայ Ջեենբեկովի և նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի միջև իշխանության համար պայքարի թեժացման մասին:

Ղրղըզստանի Սահմանադրության համաձայն, կառավարությանը խորհրդարանի անվստահություն հայտնելու դեպքում հարցի լուծումը վերապահվում է նախագահին՝ նա կարող է կա՛մ պաշտոնանկ անել կառավարությունը, կա՛մ շրջանցել խորհրդարանի որոշումը և կառավարությանն ընձեռել աշխատանքը շարունակելու հնարավորություն:

120 օրենսդիրներից 105-ը հավանություն էր տվել կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին:

Նախկին նախագահ Ատամբաևն անցած տարվա նոյեմբերին պաշտոնն ազատելուց հետո մի քանի ամիս առերևույթ չի միջամտել քաղաքական գործընթացներին:

39-ամյա գործող վարչապետ Իսակովը համարվում է նախկին նախագահ Ատամբաևի քաղաքական դաշնակիցը: Ներկայիս նախագահ Ջեենբեկովն օրեր առաջ պաշտոնանկ է արել Ղրղըզստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Աբդիլ Սեգիզբաևին և գլխավոր դատախազ Ինդիրա Ժոլդուբաևային:

Նրանք նույնպես համարվել են նախկին նախագահի աջակիցներ, ովքեր բազմիցս քննադատության են ենթարկվել ընդդիմության, այլախոհների և անկախ լրագրողների նկատմամբ կոշտ գործողություններ իրականացնելու համար:

Նախկին նախագահ Ատամբաևը մարտի 31-ին ընտրվել է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար: Նախագահական ընտրություններում նա սատարել է Ջեենբեկովին, սակայն վերջին ժամանակաշրջանում սկսել է նրան խստորեն քննադատել:

Վեց միլիոն բնակչություն ունեցող Ղրղըզստանում տեղակայված է Ռուսաստանի ռազմակայանը:

2005 և 2010 թվականներին այդ երկրում ներքաղաքական լարվածությունըի հանգեցրել է զանգվածային անկարգությունների և արյունալի բռնությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG