Մատչելիության հղումներ

Բերման ենթարկված ցուցարարներից 3-ը ձերբակալվել են


Ձերբակալված Տիգրան Մազմանյանի հայրը՝ Մհեր Մազմանյանը:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած ցուցարարներից 3-ը ձերբակալված են:

Ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, նրանցից մեկն անչափահաս է՝ Էրիկ Խաչատրյանը: Մյուսը, ըստ փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, իր պաշտպանյալ, ակտիվիստ Տիգրան Մազմանյանն է: Երկուսն էլ կասկածվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու համար:

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ անձամբ է հանդիպել 16-ամյա Էրիկին և գլխավոր դատախազին պատգամավորական երաշխավորություն ներկայացրել․ - «Մենք չորս պատգամավորով ներկայացրել ենք պատգամավորական երաշխավորություն նրա խափանման միջոցը փոփոխության ենթարկելու համար: Արդեն գրությունը ուղարկված է գլխավոր դատախազին: Մեր ունեցած խոսակցությունից հասկացա, որ որևէ կերպ չի ընդունում ներկայացված մեղադրանքը, որը այս պահին դեռևս մեղադրանք չէր»:

Իսկ փաստաբան Ռոբերտ Ռևազյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կասկածվում է, մասնավորապես, Հանրային ռադիոյի շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու և շենքի գույքը վնասելու, ոչնչացնելու մեջ:

Հիշեցնենք, տարիներ առաջ Մազմանյանը հայտարարել էր, թե իրեն Պաշտպանության նախարարությունից հեռացրել են քաղաքական ընդդիմադիր հայացքների համար: Ակտիվիստի փաստաբանը պնդում է՝ նրան մեղսագրվող հանցանքը հիմնավոր չէ, նա բացի նկարահանելուց որևէ այլ գործողություն Հանրային ռադիոյի շենքում չի իրականացրել․ - «Տիգրանը երբեք չի էլ հերքել․․․ տասնյակ անձինք մուտք էին գործել, ես էլ իրենց հետ մուտք եմ գործել: Բայց էդ մուտք գործելը հանցագործություն չի․ քրեորոն, օրենքով նախատեսված հանցագործությունը ասում է, որ զանգվածային անկարգության մասնակցի կողմից գույք վնասելը, հրկիզում և այլն: Նախ այն, որ դա զանգվածային անկարգություն չի, դա դեռ հարցի մյուս կողմն է: Մյուս տեսակետը՝ պետք է մասնակցի կողմից լինի որոշակի վարքագիծ՝ կոնկրետ մատնանշված: Հրկիզում ա, գույքի վնասում, զենքի կիրառում․․․ Որևէ մի արարք չկա, որ ասես՝ այ, էսինչ բանի համար ա կասկածվել»:

«Սասնա Ծռեր»-ի գործով 65 օր կալանքում գտնված, հետո երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակված Մհեր Մազմանյանը կարծում է, որ իր որդուն՝ Տիգրան Մազմանյանին ձերբակալել են, որպեսզի իր վրա ճնշում գործադրեն․ - «Տիգրանի ձերբակալման բուն նպատակը ոչ թե Տիգրանի ձերբակալությունն է, որը հստակ չկա որևիցե գործողություն իրանց առաջադրած մեղադրանքով․․․ Կարա միտում լինի նաև ինչ-որ չափով հասկացնելու քո քաղաքական ու քո արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության [ուղղությամբ] կատարելիք քայլերիդ մեջ սանձելու: Բայց դա որևիցե ձևի կաշկանդելու խնդիր չի»:

Բողոքի զանգվածային ցույցերի դուրս եկած ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում իրավապահներին՝ ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին․ - «Քննարկում ենք ունեցել և որոշել են, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք մեր ընկերներին պաշտպանելու համար: Ես ուղղակի ոստիկանությանը և իրավապահ մարմիններին կոչ եմ անում անհապաղ նրանց ազատ արձակել: Մենք միանշանակ զբաղվելու ենք այդ մարդկանց գործով: Նրանք ակտիվիստներ են, մեկին ես անձամբ ճանաչում եմ, Տիգրան Մազմանյանին անձամբ եմ ճանաչում: Երկրորդ տղային, ով, ասում են, 16 տարեկան է, անչափահաս․․․»

Երևանում ծավալվող վերջին օրերի իրադարձությունների առնչությամբ այս պահին Հատուկ քննչական ծառայությունում քննվում է 4 քրեական գործ, մեկը Երևանի պետական համալսարան, մյուսը Հանրային ռադիո, երրորդը Բժշկական քոլեջ ապօրինի մուտք գործելու փաստով: Չորրորդը՝ Բաղրամյան փողոցում զանգվածային անկարգությունների գործով:

Ձերբակալված երրորդ քաղաքացու անունը չի նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG