Մատչելիության հղումներ

Դասադուլ՝ Հայաստանի մի շարք դպրոցներում, 20 անչափահաս բերման է ենթարկվել


Արմավիրի թիվ 4 դպրոցի դարպասներն այսօր կողպված էին, 18-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր Երևանի, Գյումրիի, Վանաձորի ու Արմավիրի մի քանի դպրոցների աշակերտներ դասադուլ էին հայտարարել և բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին երկրի ղեկավարումից հեռացնելու կոչերով։ Ոստիկանության գլխավոր շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր բերման ենթարկված 87 քաղաքացուց 20-ը անչափահաս են եղել։

«Օրենքը բերման ենթարկելու սահմանափակումներ չի նախատեսում անչափահասների համար: Հետո՝ բերման ենթարկող ոստիկանը տեղում չի կարող 100 տոկոսով կողմնորոշվել՝ չափահաս է, թե անչափահաս»,- ասաց Քոչարյանը:

Օրվա ընթացքում «Ֆեսյբուքում» հրապարակվեցին տեսանյութեր, որոնցում ականատեսներն արձանագրել են, թե ինչպես են ոստիկանները Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 88 դպրոցի հարակից տարածքից քաշքշելով բերման ենթարկում դպրոցականներին: Մեկ այլ տեսանյութում էլ ուսուցիչը խլում և պատռում է աշակերտուհու ձեռքի պաստառը։

Թիվ 88 դպրոցի տնօրենն «Ազատության» հետ զրույցից հրաժարվեց, ուսուցիչներից մեկն էլ հերքեց տեղեկությունները, թե իրենց դպրոցի աշակերտները ցույցի են մասնակցել։ Ականատեսներից մեկի պնդմամբ՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 198 դպրոցի աշակերտներն են եկել՝ 88-րդ դպրոցի իրենց հասակակիցներին ցույցի կոչեր անելու։ Թիվ 198 դպրոցի փոխտնօրեն Նվարդ Հովսեփյանի հավաստմամբ՝ իրենց աշակերտներից միայն մեկն է բերման ենթարկվել։

Անչափահաս ցուցարարներից մի քանիսին ազատ արձակելու պահին «Ազատությունը» զրուցել է երեխաների ու նրանց ծնողների հետ։ Թեև աշակերտները պնդում էին, որ ցույցը բացառապես խաղաղ բնույթ է կրել, Ոստիկանության շտաբի պետը հակադարձում է՝ բերման ենթարկելն ինքնանպատակ չի եղել․ «Անչափահասին բերել են նրա համար, որ նա կասկածվում է իրավախախտում կատարելու մեջ»:

Այսօր անչափահասներ են բերման ենթարկվել նաև Գյումրիում իրականացված ակցիայի ժամանակ։ Ցույցի մյուս մասնակիցների պնդմամբ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն գործադրելով տարել են երկու դպրոցահասակ տղայի։ Նրանց ազատ արձակելու պահանջով հավաքի մասնակիցները դիմել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին։ «Հորդորեք ձեր ոստիկաններին, որ իրենք երեխաների նկատմամբ ոչ մի բռնություն չկիրառեն»,- դիմելով մարզպետին, ասում էին Գյումրիի հավաքի մասնակիցները:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նաև Արմավիրի դպրոցականները։ Քաղաքի 4-րդ դպրոցի դարպասը կողպված էր։ Ցուցարարները տնօրենից պահանջում էին՝ դպրոցականներին չզրկել ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից՝ միանա՞լ դասադուլին, թե ոչ։

Վանաձորում ուսանողների և աշակերտների բողոքի ակցիաների ժամանակ ևս ուսումնական հաստատությունների մեծամասնության դռները կողպված են եղել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եզրակացրել է՝ քաղաքական իրավիճակից ելնելով են նման հրահանգ տվել։ «Կամ իրավապահների կողմից, կամ վերադաս կառույցների կողմից է այդ հրահանգը, ինչն ակնհայտ ապօրինի է»,- «Ազատությանն» ասաց Սաքունցը:

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի համաձայն, մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ, 14-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների ու չափահասների միջև օրենքում տարբերակում չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG