Մատչելիության հղումներ

Գյումրիում կրկին բողոքի էին դուրս եկել ուսանողներն ու աշակերտները


Այսօր նրանց թույլ չտրվեց երթը փողոցով անցկացնել: Փողոց փակելու ցանկացած փորձ ոստիկանները կանխում էին:

Գարեգին Նժդեհի փողոցի սկզբնամասում իրավիճակը լարվեց, և նրանցից մեկին բերման ենթարկեցին: Ոստիկանները, սակայն, հերքում էին, որ ցուցարար են բերման ենթարկել:

Երբ բողոի ակցիայի մասնակիցները հասան Շիրակի մարզպետարան, շենքի մուտքը փակվեց և որևէ մեկը մուտք գործել չէր կարող: Երթի մասնակիցներն էլ իրենց հերթին շրջապատեցին մարզպետարանի մուտքը: Ի դեպ, մարզպետարան հրավիրված քաղաքացիներին ևս թույլ չտրվեց մտնել շենք:

Ցուցարարների հետ հանդիպեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ ինքն է հրահանգել փակել մարզպետարանի դուռը:

Ցուցարարները երկու պահանջ ունեին՝ հեռացնել քաղաքացիական համազգեստով ոստիկաներին և ազատ արձակել բերման ենթարկված Արման Գևորգյանին: Նաև ցուցադրվեց տեսանյութ, թե ոստիկաններն ինչպես են բռնություն կիրառում անչափահասի նկատմամբ: Արթուր Խաչատրյանը հոդդորեց ընտրելու իրավունք չունեցող անչափահասներին չօգտագործել քաղաքական նպատակներով:

Բերման ենթարկված Արման Գևորգյանին այդ ընթացքում ազատ արձակեցին:

Երթի մասնակիցները դասադուլի կոչերով հասան Ճարտարագիտական համալսարան, այնուհետև Ակադեմիական վարժարան, որտեղ վիճակը կրկին լարվեց, երբ ներսում գտնվող աշակերտները փորձում էին դուրս գալ՝ միանալու դասադուլավորներին: Նրանք ներսից պատուհաններին թռուցիկներ էին փակցնում՝ «դուռը փակ է, օգնեք»: Իսկ երբ զանգը հնչելուց հետո աշակերտները փորձեցին դուրս գալ, ոստիկանները չէին թողնում, որ մուտքի դուռը բացվի, ու հրմշտոց տեղի ունեցավ:

Ցուցարարները հավաքվեցին Վարդանանց հրապարակում․ երբ որոշեցին մայթով երթ անել ու հատել փողոցը, երթի մասնակիցներից մեկը ուշագնաց եղավ և ակցիայի մասնակիցներին թվաց, թե ոստիկաններն են հրել ու տեղի ունեցավ բախում:

Տարածքից երկու երիտասարդի բերման ենթարկեցին: Ավելի վաղ բերման էին ենթարկել նաև ակտիվիստ Կարեն Պետրոսյանին: Երթի մասնակիցները հավաքվեցին Թատերական հրապարակում և պահանջեցին, որ իրենց բերման ենթարկված ընկերների ազատ արձակեն:

Ավելի ուշ երեքին էլ ազատ արձակեցին: Ակցայի մասնակիցների կարծիքով, ակտիվիստների բերման ենթարկելն անօրինական է, և այդ մասին հայտարարություն են ներկայացրել դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG