Մատչելիության հղումներ

Բանավեճ Վանաձորում՝ «պայքարել տեղու՞մ», թե միանալ երևանյան ակցիաներին


Վանաձորում բանավեճ ծավալվեց Փաշինյանի և Փոստանջյանի կողմնակիցների միջև, 18-ը ապրիլի, 2018 թ․
Վանաձորում բանավեճ ծավալվեց Փաշինյանի և Փոստանջյանի կողմնակիցների միջև, 18-ը ապրիլի, 2018 թ․

Երևանյան բողոքի ակցիաների մասնակից, ակտիվիստ Միքայել Մարգարյանն այսօր Վանաձորում ցուցարարներին կոչ արեց միանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» շարժմանը մայրաքաղաքում: Այդ կոչին հրապարակայնորեն առարկեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, ով երեկվանից միացել է վանաձորցի երիտասարդներին՝ գլխավորելով նրանց երթերն ու բողոքի այլ գործողությունները:

Երևանցի ակտիվիստն անգամ պատրաստակամություն հայտնեց ավտոբուսներ տրամադրել Երևան մեկնել ցանկացողներին, մինչդեռ Զարուհի Փոստանջյանը կանխեց նրա կոչն ու ասաց. «Ոչ, դիմադրությունն այստեղ պետք է լինի։ Ամեն մեկս մեր տեղում»։ Զարուհի Փոստանջյանի շարժմանն աջակցող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շարունակեց.

«Մարտական գործողությունների ժամանակ ուժերը մի տեղ չեն կուտակում, չի կարելի։ Ճակատը պետք է լինի երկար, տարբեր տեղերից պետք է լինի պայքարը։ Էնպես որ՝ Վանաձորը պետք է պայքարի Վանաձորում, Գյումրին՝ Գյուրիում, Վարդենիսը՝ Վարդենիսում, որպեսզի հակառակորդը ուժերը չկուտակի մի տեղ և ժողովրդին ջարդի»։

Այնուհետև Միքայել Մարգարյանի և Վոլոդյա Ավետիսյանի միջև բանավեճ ծավալվեց։ Ավետիսյանի կարծիքով՝ Վանաձորում կարող են մեծ թվով ցուցարարներ հավաքվել և պետական կառույցների նկատմամբ ճնշումներ գործադրելով՝ «վերցնել տեղի իշխանությունը»։

«Եթե մենք լինելու ենք տարբեր տեղերում, մենք չենք ունենալու էնքան ուժեղ մարտավարներ, որ կարողանանք հաղթել բոլոր կետերում։ Էս կետերը հատիկ-հատիկ տրորելու և ոչնչացնելու են։ Այդ թվում՝ նաև Երևանը կտրորվի, եթե բոլոր մարզերը չկանգնեն»,- ի պատասխան, հայտարարեց Միքայել Մարգարյանը։

Դիմելով վանաձորցիներին, նա ասաց, որ Փոստանջյանի հետ տարաձայնություններ ունի: «Խնդրենք Զարուհի Փոստանջյանին, միգուցե արժե Երևանի հետ համագործակցության եզրեր գտնել, որովհետև եթե այսօր ամենքս վերմակը քաշենք մեր կողմը, մեր պայքարը չի ստացվելու»,- շարունակեց Միքայել Մարգարյանը։

Զարուհի Փոստանջյանը չարձագանքեց ակտիվիստի այս կոչին և շարունակեց երթը Վանաձորի փողոցներով։ Միքայել Մարգարյանի՝ Երևան մեկնելու հերթական կոչը վիճաբանության պատճառ դարձավ:

Նշենք, որ Վանաձորում արդեն 3 օր է բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջակցություն Երևանում ընթացող ցույցերի մասնակիցների։ Առաջին երկու օրը դասադուլ հայտարարած ուսանողներն ու դպրոցականները երթեր են արել «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսներով։ Երեկ երեկոյան նրանց միացավ նաև Զարուհի Փոստանջյանը՝ իր «Ընդվզում» կարգախոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG