Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլը շարունակում է արձագանքել հայաստանյան իրադարձություններին


Հայաստան - Ցուցարարները Բաղրամյան 26-ի դիմաց, Երևան, 18-ը ապրիլի, 2018թ.

Արևմտյան մամուլը շարունակում է անդրադառնալ երևանյան իրադարձություններին:

«Հեղափոխության է հասունանում», - այսպես է վերնագրել լոնդոնյան The Times պարբերականը Երևանում ծավալված իրադարձությունների մասին պատմող մեծ ֆոտոռեպորտաժը: Լոնդոնյան թերթը երևանյան ցույցերի մասնակիցների տարբեր թվեր է նշում` 10-ից մինչև 40 հազար:

«Չնայած բողոքի գործողություններին՝ Հայաստանի նախկին նախագահը վարչապետ դարձավ», - այսպես է վերնագրել երևանյան ակցիաների մասին հրապարակումը The Washington Post թերթը:

«Սերժ Սարգսյանի կողմից այլ պաշտոնի ստանձնումը չի նշանակում, որ նրա ձեռքում եղած իշխանական լծակները նվազել են», - գրում է ամերիկյան Հանրային ռադիոյի` NPR-ի կայքը, նշելով, որ Հայաստանում 2015-ին իրականացված սահմանադրական բարեփոխումների արդյունքում վարչապետի լիազորությունները ընդլայնվել են:

«Դեռ 2015-ին BBC-ն հաղորդում էր, որ մի շարք ընդդիմադիրներ և անկախ եվրոպացի փորձագետներ ընտրախախտումների և անգամ քվեարկության կեղծման ենթադրյալ դեպքեր էին մատնանշում, պնդումներ, որ առկա էին նաև 2008-ին և 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրությունների ընթացքում», - գրում են NPR-ի հեղինակները` հավելելով․ - «Երեքշաբթի երեկոյան գոնե բողոքի ակցիաների թուլացման որևէ նշույլ չկար»:

Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է նաև Politico հանդեսը` գրելով․ - «Հայաստանի ավտորիտար ղեկավարը հետևում է Պուտինի օրինակին»: «Սերժ Սարգսյանն իր տարածաշրջանում առաջինը չէ, որ պաշտոնավարման ժամկետների վրա դրված սահմանափակումները շրջանցում է վարչապետ պաշտոնը զբաղեցնելով: 2008-ին նույնն արեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պաշտոնների փոխանակում կատարելով Դմիտրի Մեդվեդևի հետ», - գրում է Politico հանդեսի եվրոպական տարբերակի մեկնաբանը:

Նա նաև նշում է․ - «Հայաստանցի ակտիվիստները շաբաթներ շարունակ փոքրաթիվ բողոքի ակցիաներ էին կազմակերպում` հուսալով, որ դրանք հետ կպահեն կառավարությանը նախկին նախագահին վարչապետի պաշտոնում առաջադրելու մտքից: Բայց երբ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետի իր միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, բողոքի ակցիաների մասնակիցների թիվը սկսեց ձնագնդի պես աճել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG