Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ հայտնաբերելու հավաքների ընթացքում իրավախախտումների հեղինակներին


Կադր Ոստիկանության հրապարակած տեսանյութից
Կադր Ոստիկանության հրապարակած տեսանյութից

Ոստիկանությունը երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ երեքշաբթի օրը ժամը 13-ին «Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները»:

«Նշված փաստը ակնհայտ վկայությունն է նաև նրա, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն ակնհայտորեն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է և ընթանում է առանց բռնության և այլ իրավախախտումների: Ավելին, ձեռք բերված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ այդ գործողությունները կատարվում են հավաքի կազմակերպիչների աչքի առաջ», - ասված է հաղորդագրությունում:

«Եթե հավաքի կազմակերպիչների նշված հավաստիացումներն անկեղծ են, ապա նման իրավիճակը հստակ իրավական կարգավորում ունի և հավաքի կազմակերպիչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, մինչդեռ Ոստիկանությունը կազմակերպչից որևէ նման դիմում չի ստացել», - հայտարարում է Ոստիկանությունը՝ հայտնելով, որ միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG