Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ձեռնարկելու է «իրավիճակից թելադրվող իրավաչափ միջոցներ՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու համար»


Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները շրջափակել են Կենտրոնական բանկի շենքը
Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները շրջափակել են Կենտրոնական բանկի շենքը

Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հնշելով, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է՝ «ապրիլի 17-ի վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքի մասնակիցներին՝ շրջափակել կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները և այդ եղանակով խափանել դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը: Կեսօրից հետո հավաքի ոչ մեծաթիվ մասնակիցները, առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի կոչերով, շարժվել են դեպի Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղակայված շինությունները և նրա ուղղակի ու անմիջական ցուցումներով փոքր խմբերով սկսել են արգելափակել պետական մարմինների, այդ թվում՝ առանձին նախարարությունների, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների շենքերի մուտքերը»:

Ոստիկանությունը նաև նշում է, որ միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հավաքի մասնակիցներին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մտնել արգելափակված շենքեր և կաթվածահար անել այնտեղ տեղակայված և իրենց լիազորություններն իրականացնող մարմինների գործունեությունը:

«Ոստիկանությունն արձանագրում է, որ վերոնշյալ գործողությունները դուրս են Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունքի բովանդակությունից: Ավելին, դրանց որոշ դրսևորումներ առերևույթ համընկնում են քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հայտարարում է, որ «ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար»:

Միաժամանակ, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ, ուստի կոչ է անում հավաքի մասնակիցներին և ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման և այլ սադրիչ վարքագիծ դրսևորելուց:

«Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Հշեցնենք, որ Սերժ Սարգսյանի իշխանավարմանը դեմ դուրս եկած ցուցարարները շրջափակել էին Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Վճռաբեկ դատարանի շենքերը, կառավարության նոր մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, Պետական եկամուտների կոմիտեի շենքը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իրենց խնդիրն իշխանությունը կաթվածահար անելն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG