ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է միառժամանակ չսահմանել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ: Նախօրեին ենթադրվում էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կհրապարակի նոր պատժամիջոցների ցանկը:
Կիրակի օրը նոր պատժամիջոցների մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին: Սպիտակ տան անանուն աղբյուրը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թրամփը, հավանաբար, կընդունի նոր պատժամիջոցների որոշումն այն դեպքում, եթե Ռուսաստանի կողմից արվեն ապակայունացնող նոր քայլեր, այդ թվում, եթե ի հայտ գան հաքերային նոր գրոհների հետ ռուսների առնչության ապացույցներ կամ ագրեսիվ գործողություններ Սիրիայում:
«Դեսպան Հեյլին, կարծես, այս անգամ իրադարձություններից մի քիչ առաջ անցավ»,- ասել է անանուն աղբյուրը:
Ըստ Reuters-ի, Սպիտակ տունը մտահոգված է, որ նոր պատժամիջոցների սահմանումը կվտանգի միջազգային այլ ոլորտներում Ռուսաստանի հետ համակարգված քաղաքականության մշակումը մի ժամանակաշրջանում, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում ամենալուրջ ճգնաժամն է «սառը պատերազմից» հետո:
Կրեմլը երեկ շատ նյարդային է մեկնաբանել նոր պատժամիջոցների հնարավորությունը: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նոր պատժամիջոցների նախաձեռնությունը «ոչ մի կապ չունի Սիրիայի իրավիճակի հետ»:
Մոսկվան հայտարարել է, որ անպայման կընդունի պատասխան կոշտ միջոցներ այն դեպքում, եթե Վաշինգթոնն ի վերջո որոշի նոր պատժամիջոցներ սահմանել:
Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ պատժամիջոցների խնդիրը մնում է օրակարգում:
«Մենք քննարկում ենք Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, որոշումը կընդունվի մոտ ապագայում»,- ասել է Սանդերսը: