Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրոպային նախազգուշացրել է Եվրամիության ներսում և ողջ աշխարհում «ավտորիտարիզմի» գայթակղության վտանգի մասին:
Անցյալ տարվա մայիսին նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում՝ Մակրոնը հայտարարել է, թե «եվրոպական քաղաքացիական պատերազմ» է ընթանում՝ նկատի ունենալով Եվրամիության անդամ Հունգարիայում և Լեհաստանում տեղի ունեցող զարգացումները:
Վերջին շաբաթներին Եվրամիության անդամ Հունգարիայում և Իտալիայում իշխանության են եկել պոպուլիստական կուսակցությունները: Ավելին՝ Լեհաստանում իշխում է «Արդարություն և Իրավունք» աջակողմյան կուսակցությունը, որի քաղաքականությունում Բրյուսելը լուրջ հակասություններ է տեսնում:
«Ես չեմ ցանկանում պատկանել լուսնոտների սերնդին, և չեմ ցանկանում պատկանել մի սերնդի, որը մոռացել է իր անցյալը»,- իր ելույթում ասել է Ելիսեյան պալատի 40-ամյա ղեկավարը՝ ներկայացնելով Եվրամիության ապագայի իր տեսլականը:
Մակրոնի խոսքերով ինքը ցանկանում է պատկանել մի սերնդի, որը կպաշտպանի եվրոպական ինքնիշխանությունը:
Ֆրանսիայի նախագահը նաև առաջարկել է ստեղծել հիմնադրամ, որը կօգնի փախստականներին ընդունող համայնքներին՝ փորձելով թեթևացնել Եվրամիության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառ դարձած այդ խնդիրը:
Մակրոնի ելույթը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտարարելով՝ «իսկական Ֆրանսիան վերադարձել է»: