Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը զգուշացնում է՝ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը


Ցուցարարները և ոստիկանները Բաղրամյան պողոտայում, Երևան, 16-ը ապրիլի, 2018թ․
Ցուցարարները և ոստիկանները Բաղրամյան պողոտայում, Երևան, 16-ը ապրիլի, 2018թ․

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել Երևանում անցկացվող բողոքի ցույցը:

«Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին:
Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ», - հայտարարում է Ոստիկանությունը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար», - ասված է հայտարարությունում:

«Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները»՝ Ոստիկանությունը հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է անում «ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG