Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում «կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին»


«Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից», - ասված է Հայաստանի ոստիկանության՝ ուշ երեկոյան տարածած հայտարարությունում:

«Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում: Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի է վտանգավոր հետևանքներով», - հայտարարում է Ոստիկանությունը՝ շարունակելով․ - «Հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես և ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետևանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները: Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը: Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը»:

«Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG