Մատչելիության հղումներ

Վանաձորում ևս բողոքի ակցիաներ են ընթանում, արդեն իսկ վարչական ճնշումների ահազանգեր կան


Վանաձոր, 16-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր Վանաձորում ևս բողոքի ակցիաներ սկսվեցին։ Կեսօրին մի քանի տասնյակ ուսանողներ քայլերթով անցան կրթական հաստատությունների մոտով՝ ուսանողներին կոչ անելով միանալ դասադուլին և զորակցություն հայտնել Երևանում տեղի ունեցող բողոքի գործողությունների մասնակիցներին:

Բողոքի էին դուրս եկել, մասնավորապես, Վանաձորի պետական համալսարանի, Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի, Լոռու տարածաշրջանային քոլեջի և երաժշտական ուսումնարանի ուսանողները։ Տարածաշրջանային քոլեջում դռները ներսից փակել էին, ու մինչ դրսում ընթացող ակցիայի մասնակիցները միանալու կոչեր էին հնչեցնում, քոլեջի ուսանողներին թույլ չէին տալիս շենքից դուրս գալ։ «Չենք հասկանում՝ սա քոլե՞ջ է, թե բանտ, դուք ուսանողներին դուրս չթողնելու իրավունք չունեք, դուք աբսուրդ եք»,- բղավում էր ներսում գտնվող ուսանողուհիներից մեկը:

Փողոցում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետև շարունակեցին իրենց քայլերթը դեպի այլ ուսումնական հաստատություններ: Ուսանողները քայլում էին փողոցների երթևեկելի մասով։ Մեքենաները ստիպված էին շրջանցել փակված ճանապարհները։ Հասնելով Վանաձորի կենտրոնական Հայքի հրապարակ, երիտասարդները մի քանի ժամ փակ պահեցին Տիգրան Մեծ գլխավոր փողոցը։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Զաքարյանն «Ազատությանն» ասաց, որ երիտասարդ ակտիվիստներն արդեն ահազանգել են իրենց ընտանիքների անդամների նկատմամբ սկսված ճնշումների մասին։ «Վերջին մեկուկես ժամվա ընթացքում ակցիայի մասնակից մի քանի ուսանողներ ինձ ասացին, որ զանգահարել են իրենց ծնողներին իրենց աշխատավայրերից ու ասել՝ երեխաներին կանչեք տուն, այլապես աշխատանքից կազատենք: Նաև ունեմ ակցիայի մասնակից ընկերներ, որոնց [ծնողներին], կոնկրետ քաղաքապետարանում աշխատող, զգուշացրեցին ու հեռացրեցին»,- ասաց Արմինե Զաքարյանը:

Վանաձորցի ցուցարարները պայմանավորվեցին վաղն առավոտյան դարձյալ հավաքվել քաղաքի կենտրոնում՝ շարունակելու բողոքի գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG