Մատչելիության հղումներ

ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված տուժողների կյանքին վտանգ չի սպառնում


Բաղրամյան պողոտայից այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 7 տուժող, ևս մեկը այստեղ էր տեղափոխվել առավոտյան և արդեն դուրս է գրվել:

«Ներկայումս բոլորը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Վեց հոգուն արդեն կատարել են առաջին բուժօգնություն, և մեկ հիվանդ հիմա կգնա վիրահատարան, որն ունի սրունքի կոտրվածք, վերքեր։ Ներկայումս որևիցե մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Մի մասի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ բավարարին մոտ», - «Ազատությանն» ասաց հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը։

Հիվանդանոց տեղափոխվածները վնասվածքներ ունեն հիմնականում ոտքերի և կրծքավանդակի հատվածում։

Սրունքի կոտրվածք ստացող Զավեն Գրիգորյանի ընկերը՝ Էդգար Գրիգորյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև Գրիգորյանը առողջական խնդիրներ ուներ, բուժում էր ստանում, սակայն չի կարողացել տանը նստել ու որոշել էր գալ բողոքի ակցիային. - «Հիվանդությունը չի կարող Զավենին կանգնեցնի։ Նույնիսկ գետնին պառկած գոռում էր՝ ժողովուրդ, մի քայլ հետ չգնաք։ Այ տենց մարդ ա Զավենը»։

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնած ցուցարարները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Ապրիլի 16-ի վաղ առավոտից ցուցարարները արգելափակեցին երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում՝ տեղադրելով նստարաններ, աղբամաններ:

Ավելի ուշ, երբ ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց մտնել Ազգային ժողովի շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտեցին նրա և նրան հետևող ցուցարարների առաջխաղացումը, ինչին հաջորդեց քաշքշուկը, ոստիկանությունը հատուկ միջոցներ օգտագործեց: Մի շարք ցուցարարներ և ոստիկաններ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG