«Ռուսները փորձում են ձախողել քիմիական գրոհի հետաքննությունը»
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությունը ձախողելու փորձերի մեջ: Այն, որ ռուսներն առաջինն են մուտք գործել քիմիական գրոհի ենթարկված Արևելյան Գուտա՝ ինքնին անբարենպաստ է քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետների աշխատանքի համար:
Այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցիչ Քեննեթ Ուորդը: Նրա պնդմամբ՝ ներխուժելով Արևելյան Գուտա, ռուսները, ամենայն հավանականությամբ, ոչնչացրել են քիմիական գրոհի հետքերը: «Մենք մտահոգված ենք, որ ռուսները կարող էին դիմել խաբեության, ամեն բան անել՝ քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատանքը խափանելու համար»,- կառույցի դռնփակ նիստում ասել է Ուորդը:
Նրա խոսքերով, կազմակերպությունը խստորեն դատապարտում է «քիմիական ահաբեկչության մեթոդով ղեկավարելու՝ Սիրիայի վարչակարգի գործելակերպը»: Կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական կողմը խոչընդոտել է փորձագետների մուտքը Գուտա: Ռուսներն այդ մեղադրանքը հերքում են:
Քիմիական գրոհը, ենթադրաբար, տեղի է ունեցել ապրիլի 7-ին: Դրա իսկությունը հաստատող տեսահոլովակը տարածել է «Սպիտակ սաղավարտներ» իրավապաշտպան կազմակերպությունը, սակայն ռուսները պնդում են, որ այդ տեսահոլովակում ներկայացված դրվագները «բեմականացված են»:
Ըստ «սպիտակ սաղավարտների», քիմիական գրոհի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Ի պատասխան դրան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ ռազմական գործողություն են իրականացրել՝ հրթիռային հարվածների ենթարկելով տասնյակ սիրիական թիրախներ, որոնք, ըստ արևմտյան զինվորական փորձագետների, առնչություն ունեն Բաշար Ասադի քիմիական զենքի ստեղծման և արտադրության հետ:
Արդյո՞ք Ասադն ըմբռնել է Արևմուտքի ուղերձը
«Մեր կողմից դա ուժի ցուցադրում չէր, մենք սիրիացիների քիմիական զենքի ծրագիրը տարիներով ետ շպրտեցինք»,- երեք երկրների համատեղ օդային գործողության մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին: Նրա պնդմամբ, արևմտյան դաշինքը հստակ ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Ասադին և նրա պաշտպան Մոսկվային առ այն, որ քիմիական գրոհներն անպատասխան չեն մնա: Հեյլին համոզզված է, որ ռուսները չեն կարող անվերջ պարտակել Ասադի հանցագործությունները:
«Հիմա արդեն Ասադից է կախված՝ արդյո՞ք նա հարկ եղած չափով խելացի է այդ ուղերձն ըմբռնելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը: Հեյլին մերժել է ԱՄՆ-Սիրիա ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ «Մենք երբևէ չենք ցանկանա այս շրջանում բանակցել Սիրիայի հետ, նրանք [Ասադի ռեժիմը] արժանի չեն դրան»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Ամերիկացիները նախապատրաստել են նոր պատժամիջոցներ
Մինչ այդ՝ Վաշինգտոնը պատրաստվում է Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ: Դրանք պետք է հրապարակի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է, որ ամերիկյան կողմը նախազգուշացրել է նոր պատժամիջոցների մասին, հավելելով, որ «այդ պատժամիջոցները ոչ մի կապ չունեն իրականության հետ»: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, որ «Ռուսաստանը չի ձգձգի պատասխանը՝ ամերիկյան նոր պատժամիջոցներին»: