Մատչելիության հղումներ

ՌԴ իշխող կուսակցության պատվիրակները Դամասկոսում աջակցություն են հայտնել Բաշար Ասադին


Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությանը, Դամասկոս, 15-ը ապրիլի, 2018 թ․

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությունը ապրիլի 15-ին Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և նրան հայտնել Ռուսաստանի աջակցությունը: ԵՌ պատվիրակներն Ասադին են փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջյունի ուղերձը:

Պատվիրակության անդամները ռուսաստանցի լրագրողներին պատմել են, որ իրենց հանդիպման ժամանակ Ասադը բարձր տրամադրություն է ունեցել, ու չնայած նախօրեին Սիրիան հրթիռակոծվել էր ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի զինուժի կողմից, կատակներ է արել: «Եդինայա Ռոսիա»-ի քարտուղար Սերգեյ Ժելեզնյակի փոխանցմամբ՝ Ասադը չի մեկնաբանել քիմիական զենքի տիրապետելու և օգտագործելու մասին Արևմուտքի պնդումները, քանի որ, Ժելեզնյակի խոսքով՝ նման խոսակցության որևէ հիմք չկա:

ԵՌ-ի քարտուղարն ասել է, թե Ասադը շատ բարձր գնահատական է տվել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգին, որը հանդերձավորված է խորհրդային ժամանակների սպառազինությամբ: Չնայած այդ համակարգը հին է, այն գերազանցել է Արևմտյան կոալիցիայի զենքին, ըստ ռուս պատվիրակի, ասել է Ասադը: Ժելեզնյակի խոսքով՝ Սիրիան «ԱՄՆ-ի ագրեսիային դիմակայել է» 70-ականների խորհրդային զենքով:

Ռուսաստանի Պետդումայում Սիրիայի հետ խորհրդարանական կապերը համակարգող Դմիտրի Սաբլինի փոխանցմամբ, ռուս պատվիրակների հետ հանդիպմանն Ասադն ասել է նաև, թե Արևմտյան կոալիցիայի հրթիռակոծումը միայն օգնեց Սիրիային՝ չվախենալ ՆԱՏՕ-ից: Ռուսաստանցի պատգամավորների հետ հանդիպմանը Ասադը վստահեցրել է՝ Սիրիան շարունակելու է իր անկախ ու ինքնիշխան զարգացման ուղին, չնայած Արևմուտքի կողմից պարտադրվող օրակարգին: Ասադը խոսել է նաև Սիրիայի ավերված բնակավայրերի վերականգնման ժամկետների ու անհրաժեշտ միջոցների մասին, ասելով՝ երկրի ենթակառուցվածքների վերականգնման համար մոտ 400 միլիարդ դոլար և 10-15 տարի կպահանջվի:

Ասադը ռուս խորհրդարանականներին հայտնել է նաև, որ իր երեխաներն անցյալ տարի Ղրիմում են եղել, հանգստացել «Արտեկ» ճամբարում: Ռուսաստանի պատվիրակության անդամներից Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի նահանգապետ Նատալիա Կոմարովան Ասադին հրավիրել է Խանտի-Մանսիյսկ: Նահանգապետի խոսքով՝ Ասադն ընդունել է այցի հրավերը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխող կուսակցության պատվիրակությունը Սիրիայում է գտնվել ապրիլի 11-15-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG