Մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ արգելափակելուց հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները վաղ առավոտյան մի քանի րոպեով արգելափակեցին Հաղթանակի կամուրջը։
«Իմ քայլը» շարժումը առաջնորդող Փաշինյանը երեկ երեկոյան հրապարակեց անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը՝ քաղաքացիներին կոչն անելով նաև արգելափակել քաղաքի ծայրամասերը կենտրոնի հետ կապող կամուրջները։
Հասնելով Հաղթանակ կամրջի մոտ՝ Փաշինյանը դիմեց ոստիկաններին․ - «Ոստիկանները մեր եղբայրներն են, և մենք խորը հանգանքով ենք վերաբերվում նրանց ծառայությանը՚ Խնդրում եմ, իմ անունից իմ ներողությունը փոխանցեք ձեր ընտանիքների անդամներին, որ մեր ակցիայի պատճառով դուք արդեն քանի օր լարված ծառայություն եք իրականացնում: Բայց նաև փորձեք բացատրել, որ սա անում ենք նաև նրանց ապագայի համար»:
Փաշինյանը ոստիկաններին հորդորեց ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ․ - «Ես խնդրում եմ, ժողովուրդ ջան, ուժ մի կիրառեք ոստիկանների նկատմամբ: Խնդրում եմ, պետք չի: Խնդրում եմ, ոստիկանների հետ լինել ծայրահեղ հարգալից»:
Առավոտյան ժամը ութի շրջանում ակտիվիստները արգելափակել էին նաև Կիևյան կամուրջը։
Մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներն այս պահին շարունակում են փակ մնալ: Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին «դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը»։
Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ բողոքի ակցիայի ելած ակտիվիստները որպես անհնազանդություն մի քանի անգամ մի քանի րոպեով խափանեցին մետրոպոլիտենի աշխատանքը «Հանրապետության հրապարակ» և այլ կայարաններում՝ պառկելով վագոնների դռների միջև:
Նշենք, որ վաղ առավոտից մետրոյի գնացքները չեն կանգում «Բաղրամյան» կայարանում, որի հարևանությամբ է գտնվում այս պահին մեծաքանակ ոստիկանական ուժերով շրջափակված Ազգային ժողովը:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Բաղրամյան» կայարանը չի գործում տեխնիկանական խնդիրների պատճառով:
Ոստիկանական ուժեր են կենտրոնացած նաև Կառավարության շենքի և իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակի շրջակայքում: