Մատչելիության հղումներ

Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել, բայց ոչինչ հավերժ չէ․ Սարգսյան


Սերժ Սարգսյան, արխիվ

Սերժ Սարգսյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Հայաստանում արտաքին քաղաքականության համար պատասխանատու է լինելու վարչապետը, իսկ Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ռուսաստանյան այս պարբերականը ծավալուն հարցարզրույց է հրապարակել Սարգսյանի հետ, վերջինիս խոսքից արված հետևյալ մեջբերումը զետեղելով հրապարակման վերնագրում՝ «Ռուսաստանը Եվրոպայի մասն է և պետք է լինի ԵԽԽՎ անդամ»:

Ռուսական պարբերականի հետ զրույցում հայտարարելով, թե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները, Սերժ Սարգսյանն այնուհետև պատմում է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների մասին, նկատել տալով, որ արդեն մի քանի օր է, ինչ երկրում գործում է կառավարման խորհրդարանական համակարգը:

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները թույլ կտան երկրում ժողովրդավարական փոփոխություններ կատարել ու ավելի արագ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Սարգսյանը որոշ պարզաբանումներ է տվել նոր համակարգով ենթադրվող գործառույթների վերաբերյալ, մասնավորեպես, նշելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար այժմ պատասխանատու է վարչապետը, արտգործնախարարն էլ հաշվետու է վարչապետին:

Լրագրողի հարցին՝ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, Սարգսյանն արձագանքել է․ «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել:

Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ՝ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որն այս տարիների ընթացքում կուտակել եմ տարբեր պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»: Ռուսական «Իզվեստիան» նաև արձանագրում է որ հայաստանյան ընդդիմությունը բողոքում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ, փակելով Երևանի կենտրոնական փողոցները։

Հարցազրույցում Սարգսյանը պատմել է, որ Հայաստանում առկա են որոշ խնդիրներ, մասնավորապես, արտագաղթը: Երրորդ նախագահը, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել է, թե երկրի տնտեսությունը զարագանում է՝ անցյալ տարի ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով։ Սերժ Սարգսյանը նաև դրական է գնահատել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նկատելով՝ կազմակերպությունը դեռ ամբողջովին չի կայացել, սակայն Հայաստանի տնտեսության համար անդամակցության դրական արդյուքներն «արդեն տեսանելի են»:

խոսելով ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի ու Եվրամիության համագործակցության մասին, Սարգսյանը հերթական անգամ ընգծել է՝ Երևանի համար անընդունելի է «կամ, կամ»-ի քաղաքականությունը, և երկիրը շարունակում է մնալ «և, և»-ի կողմնակիցը: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին՝ Սարգսյանն ասել է, թե դրանք ծայարահեղ միջոցներ են, որոնց օգուտը կասկածելի է։

Հարցրազրույցում անդրադարձ է եղել նաև ապրիլյան պատերազմին: Սարգսյանն առիթը բաց չի թողել դարձյալ շեշտելու, որ Ադրբեջանն այդ օրերին հարձակողական գործողություններ է իրականացրել հիմնականում Ռուսաստանից ձեռք բերված զենքով։ Ղարաբաղյան խնդիրը, Սարգսյանի խոսքով՝ ուշ թե շուտ կարգավորվելու է, իսկ ներկայումս բանակցություններում տեղաշարժ չկա «Ադրբեջանի դիրքորոշման պատճառով»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Բաքուն համարում է, որ փոխզիջումների պետք է գնա միայն հայկական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG