Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ երթով անցնելով Երևանի կենտրոնական փողոցներով մուտք գործեց Խանջյան փողոցում գտնվող Երևանի պետական մանկավարժական համալսարան՝ կոչ անելով ուսանողներին միանալ բողոքի երթին։

«Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կոչերով ցուցարարները շրջեցին բուհի միջանցքներով։

«Հաղթանակի ժամը եկել է, մենք ձեզ կոչ են անում իջեք, եկեք Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ», - հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ մինչ Մանկավարժական համալսարան հասնելը Փաշինյանը ստուգեց բաց են արդյոք Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի դռները՝ նշելով, որ «ոչ մեկ չի կարող Հայաստանի քաղաքացու վրա դուռ փակել»։

Առանց շենք մուտք գործելու նա քոլեջի ուսանողներին և՛ս կոչ արեց դասադուլ անել։

Նշենք, որ ավելի վաղ ցուցարարները պատուհանը հանելով մուտք էին գործել Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջ։

Փաշինյանը նկատել էր, որ ուսումնական հաստատության դռները փակ են և ուսանողներին թույլ չեն տալիս դուրս գալ փողոց։ «Մյուս անգամ չփորձեք դռները փակել երեխեքի վրա», - ասաց Փաշինյանն ու լքեց քոլեջի տարածքը։

Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում է, մասնավորապես, այսօր առավոտից փողոցների, կամուրջների, մետրոպոլիտենի արգելափակում:

Այսօր առավոտյան ցուցարարները արգելափակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG