Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին երեկ հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է այսօր հայտարարել նոր հակառուսական պատժամիջոցների մասին: Այս անգամ Վաշինգտոնը Մոսկվային պատժում է Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար:

Պատժամիջոցների մասին կհայտարարի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

CBS-ին տված հարցազրույցում Հեյլին ընդգծել է, որ նոր պատժամիջոցները սահմանվում են ռուսաստանյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ասադի ռեժիմին և ունեն որոշ կապեր քիմիական զենքի հետ:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը հերթական անգամ ընդգծել է, որ Մոսկվան իր պատասխանատվության չափաբաժինն ունի Ասադի ուժերի կողմից քիմիական զենք օգտագործելու հարցում:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ մեկ շաբաթ առաջ, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնատար անձանց և ռուսական ընկերությունների նկատմամբ, ինչի հետևանքով ռուսաստանցի օլիգարխները 16 միլիարդ դոլարից ավելի գումար են կորցրել երկու օրում, իսկի ռուսական արժույթն էլ մեկ օրում էապես էժանացել էր:

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հիշեցնենք, ապրիլի 12-ին Դումա է ներկայացրել Միացյալ Նահանգների դեմ պատասխան պատժամիջոցների օրինագիծ, որը նախատեսում է արգելել կամ սահմանափակել ամերիկյան մի շարք ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի և ծխախոտի, տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի ներմուծումը Ռուսաստան: Նախագծի հեղինակներն առաջարկում են նաև դադարեցնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինությունում, հրթիռային արդյունաբերությունում: Կազմվելու է նաև ԱՄՆ «անցանկալի» քաղաքացիների ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստան արգելվելու է:

Նախատեսված է, որ օրինագիծը պատգամավորները քննարկելու են այսօր: Իսկ դաշնային հեռուստաընկերություններն արդեն երկու օր է՝ հանգստացնում են ռուսաստանցիներին, թե նրանք կկարողանան նորմալ ապրել և առանց ամերիկյան ապրանքի: Ավելին՝ Պետդումայի որոշ պատգամավորներ կոչ են արել մոռանալ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր օրենքներն ու կանոնները և Ռուսաստանում սեփական ուժերով ամերիկյան ապրանքներ արտադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG