«Ընդվզիր» գրությամբ պաստառով այսօր Երևանի փողոցներով քայլերթ է իրականացրել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։
«Մեր այս պաստառով շրջելու նպատակը հետևյալն է՝ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկիրը ազատվի բռնազավթիչներից, և մենք դիտարկում ենք պայքարը, որպես ազգային ազատագրական պայքար։ Սա պայքար է հանուն մեր պետականության, հանուն մեր անկախության և հանուն մեր երեխաների ապագայի», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Այսօր միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, նրան պետք է միանշանակ հեռացնել, մեկուսացնել, դրա հետ մեկտեղ մեր առջև կանգնած է մի բռնապետական համակարգ, որը կեղեքում է մեր ազգային հարստությունը, որը մեր ազգին վտարել է հայրենիքից»։
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունն այսօր բողոքի նման ակցիա կիրականացնի նաև Գյումրիում։
Ըստ կուսակցության այսօրվա հաղորդագրության, հանրահավաքը տեղի կունենա Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում ժամը 16։00-ին։
«Հանրահավաքի ժամանակ տեղի է ունենալու Սերժ և Ռիտա Սարգսյանների խորհրդանշական քաղաքացիական մահապատիժ։ Մինչև մահապատժի իրականացումը տեղի է ունենալու Ազգային ժողովի նիստ, որին մասնակցելու են նաև բերման ենթարկված Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը և ևս 58 ՀՀԿ-ական», - ասված է հաղորդագրությունում։