Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Սիրիայում իրավիճակը քննարկելու համար


Ի պատասխան իր դաշնակից Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների հրթիռակոծման՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ամենակոշտ կերպով դատապարտում է Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում Միացյալ Նահանգների ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»:

Պաշտոնական Մոսկվան նորից հայտարարել է, թե Դամասկոսից քիչ հեռու` Դումա քաղաքում, անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այս հարձակումն արդարացնելու համար:

«Ինչպես և մեկ տարի առաջ, երբ Նահանգները հարձակվեցին սիրիական «Շայրաթ» ավիաբազայի վրա որպես պատրվակ բերելով քաղաքացիական անձանց դեմ իբրև թե իրականացված քիմիական հարձակումը, հիմա էլ նույնն է կրկնվում Դումայում», ֊ հայտարարել է Պուտինն ու պնդել, թե ռուս ռազմական փորձագետները տեղում քլորի կամ այլ թունավոր նյութի հետքեր չեն գտել, տեղացիներն էլ չեն հաստատել քիմիական հարձակման մասին հաղորդումները:

«Իր գործողություններով Միացյալ Նահանգներն է՛լ ավելի է խորացնում Սիրիայի հումանիտար աղետը, տառապանք պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որոնք յոթ տարի է` կեղեքում են Սիրիայի ժողովրդին», ֊ ասված է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել էր, որ անցած շաբաթավերջին Դումայում իրականացված քիմիական հարձակման հետևանքով առնվազն 43 մարդ զոհվել էր, 500֊ը՝ տուժել:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները կոպտորեն խախտել են միջազգային նորմերը։

Սրա հետ մեկտեղ Ռուսատանի պաշտպանության գերատեսչությունից հայտնում են, թե ռուսական ուժերը Սիրիայում չեն կործանել ԱՄՆ֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե անցած գիշեր Սիրիայում արձակվել են ավելի քան հարյուր «օդ֊երկիր» տեսակի հրթիռներ, սակայն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որևէ մեկին չեն հարվածել, քանի որ դրանք ուղղված չեն եղել Ռուսաստանի կողմից պաշտպանվող օբյեկտների դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, թե սիրիական համակարգերն են իրենց միջոցներով տասնյակ հրթիռներ կործանել:

Ռուսաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ֊գնդապետ Սերգեյ Ռուդսկոյն ասել է, թե Մոսկվան նախկինում արևմտյան գործընկերների խնդրանքով հրաժարվել էր Սիրիային տրամադրել S-300 հակահրթիռային համակարգը, սակայն այս հարվածներից հետո Մոսկվան վերադառնում է այս հարցին։

Դեսպանների մակարդակով պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ հրթիռակոծումը անպատասխան չի մնա:

«Վատագույն սպասումները դարձան իրականություն», ֊ Թվիթերում գրել է Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ հավելելով` մենք զգուշացրել ենք, որ նման քայլերն անհետևանք չեն մնա: Կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի վրա: Ռուսաստանի նախագահին վիրավորելը անընդունելի է և անթույլատրելի»:

Ավելի կոշտ են իրենց գնահատականներում Ռուսաստանցի սենատորներն ու պատգամավորները. Ռուսաստանի Սենատի ներկայացուցիչ, պետական ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովն, օրինակ հայտարարել է, թե՝ «Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում գործում են որպես մի հանցախումբ, որը վերացնում է իր դեմ ապացույցները, այդ թվում՝ բեմադրված քիմիական հարձակման մասին վկայող հետքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG