Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Հայաստանի Զինված ուժերի փոխգնդապետ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
«Քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաև զինակոչիկներից, ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017 թվականի ընթացքում նշված անձանց ազգականներից պահանջել, ստացել և տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար: Փոխգնդապետը հարցաքննվել է և ցուցմունք տվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Նշենք, որ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 4-ից մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված առանձնապես խոշոր չափերով խարդախության համար: