Մատչելիության հղումներ

Ցուցարարները ավտոերթով կշարժվեն Ծաղկաձոր, որտեղ նախատեսվում է ՀՀԿ խորհրդի նիստը


Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ցուցարարները այսօր 14:00֊ին հանրահավաք են հրավիրում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը արգելափակել էին երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո։

Առավոտյան, դիմելով գիշերը Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ավելի քան հարյուր ցուցարարներին, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որտեղ նախատեսվում է հաստատել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Երևանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի փոխարեն կանցկացվի Ծաղկաձորում։

Ցուցարարները նախատեսում էին այսօր շրջափակել ՀՀԿ գրասենյակը Երևանում, սակայն, քանի որ իշխող կուսակցության խորհրդի նիստը, Փաշինյանի ձևակերպմամբ, «արտագաղթել է», համապատասխանաբար փոխվել են նաև ընդդիմադիրների ծրագրերը։

«Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը», ֊ հայտարարեց ընդդիմադիր գործիչը։ ֊ «Հետևաբար, բոլոր վարորդներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր ուզում են մասնակցել ավտոերթին, կոչ ենք անում 16:30֊ին «Հարսնաքարի» դիմացի մայթ գալ։ Երթը շարժվում է դեպի Ծաղկաձոր»։

Հիշեցնենք՝ ապրիլի 13֊ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց ֊ Սայաթ Նովա ֊ Բաղրամյան փողոցների հատման հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG