Մատչելիության հղումներ

Թանդիլյան․ Գտնում եմ, որ իմ գործընկերները կվարվեն օրենքի սահմաններում


«Ազատությունը» զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Մանե Թանդիլյանի հետ:

Թանդիլյան․ - Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը, և որևէ հայտարարություն, որ արվել է թե՛ մեր կողմից, թե՚ իրենց, թե՛ դաշինքի անունից, ուժի մեջ է, որևիցե բան չի փոխվել: Իսկ ինչու չենք միացել ի սկզբանե՝ բացատրել ենք: Այլ մեկնաբանություններ հիմա նպատակահարմար չեմ համարում անել ու տալ, և իմ գործընկերներին չխանգարելու նպատակով մաղթում եմ հաջողություն»:

«Ազատություն»․ - Ձեր մեկնաբանությունը այն է, որ դուք անիրագործելի եք համարում Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը թույլ չտալը:

Թանդիլյան․ - Մեր չմիանալը մենք բացատրել ենք: Եվ ես կարծում եմ, որ լուրջ մենք քննադատության ենք ենթարկվել դրա պատճառով, նաև մեր գործընկերները համարել են աշխատանքին, գործին խանգարել: Այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել:

«Ազատություն»․ - Դուք համաձա՞յն եք մասնավորապես Հանրապետականից հնչող տեսակետներին, թե շենքեր, շինություններ շրջափակելը հակասահմանադրական է, կսահմանափակի դիմացինի իրավունքները: Որովհետև Փաշինյանը դա դիտարկում է միջոցներից մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար:

Թանդիլյան․ - Ես գտնում եմ, որ իմ գործընկերները կվարվեն օրենքի սահմաններում: Համոզված եմ, որ Փաշինյանը օրենքներին տիրապետում է: Նա փորձառու հանրային և քաղաքական գործունեություն վարող քաղաքական գործիչ է և տիրապետում է բոլոր մանրամասներին:

«Ազատություն»․ - Իսկ վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարց քննարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: «Քաղաքացիական պայմանագիրը» կարծում է, որ եթե վարչապետի թեկնածու առաջադրեք, կնշանակի նպաստում եք, որ ամսի 17-ին նախատեսված նիստը կայանա, և ձեր թեկնածուն փաստորեն պետք է մասնակցի դրան:

Թանդիլյան․ - Վարչապետի առաջադրումը նաև մեր մասնակցային և հակակշիռ ստեղծելու այդ առաքելության վարքագծից է ելնում: Այդ առումով դա քննարկվել է դաշինքի ֆորմատով միայն: Եվ երբ որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր որոշումն է կայացրել գնալու այդ ճանապարհով, այդ քննարկումը այլևս արդիական չէ:

«Ազատություն»․ - Եթե այդպիսի քննարկում ծավալվի էլ, ձեր կարծիքը լինելու է այն, որ արդիական չէ, պետք չէ առաջադրել․․․

Թանդիլյան․ - Ո՞վ պետք է ծավալի այդ քննարկումը:

«Ազատություն»․ - Նիկոլ Փաշինյանը ուզում է կապ հաստատել Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ՝ քննարկելու այդ հարցը, բայց կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելուց հետո է ճիշտ ժամանակը վարչապետի թեկնածու առաջադրելու: Երկրորդ փուլի մասին է խոսքը:

Թանդիլյան․ - Այս պահին չկա էդ քննարկումը: Կլինի՝ այդ մասին կխոսենք:

«Ազատություն»․ - Եթե, այնուհանդերձ, չառաջադրեք թեկնածու, վարչապետի թեկնածության քննարկումներին մասնակցելը նպատակահարմար համարո՞ւմ եք: Հնարավո՞ր է ընդհանրապես չգնաք խորհրդարանի նիստերի դահլիճ:

Թանդիլյան․ - Որոշում պետք է լինի, որը կնստենք ու կկայացնենք, թե ինչպես պետք է վարվել՝ կախված իրավիճակից:

«Ազատություն»․ - Փողոց դուրս չեք գալիս, թեկնածու չեք առաջադրում՝ եթե, օրինակ, որոշվի թեկնածու չառաջադրել: «Ելք»-ի տեսակետը, թե ձեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի հաջորդ պաշտոնավարումը, «Լուսավոր Հայաստանը» ինչպե՞ս է իրականացնելու:

Թանդիլյան․ - Մեր առաջարկը, թե ինչպես վարվել, բխել է հենց առաջարկել վարչապետի թեկնածու, փողոցային կոմպոնենտ է ունեցել: «Լուսավոր Հայաստանը» քննարկել է «Ելք» դաշինքի շրջանակներում որոշակի քայլեր, որոնք բացառապես կոնսենսուսային տարբերակ էին նախատեսում դա իրողություն դարձնելու համար: Քանի որ դա իրողություն չի դարձել, և կոնսենսուսային լուծում չի գտնվել, մեր գործընկերը իր սեպարատ քայլով է որոշել գործունեություն ծավալել, մենք «Ելք»-ից դուրս գործողություն այսօր չենք տեսնում:

«Ազատություն»․ - Դա փոխո՞ւմ է ձեր կարծիքը, որ անընդունելի է Սերժ Սարգսյանի հաջորդ պաշտոնավարումը:

Թանդիլյան․ - Ոչ, չի փոխում: Անընդունելի է: Դեմ ենք քվեարկելու, պայքարելու ենք ամենօրյա մեր օրենսդրական նախաձեռնություններով, մեր մարդկանց հետ շփումներով, մեր կառույցները ուժեղացնելով, ընդդիմությանը դարձնելով․․․ իսկապես որ համակարգային լուծումներ կարող է առաջարկել մեր հանրությանը և պետությանը․․․

«Ազատություն»․ - Դաշինքում նախկին հարաբերությունները վերականգնելը հնարավոր համարո՞ւմ եք: Ծխարձակիչների ակցիան դուք ոչ-գործընկերային որակեցիք, Գորգիսյանն էլ դժգոհ էր ծխից:

Թանդիլյան․ - «Գորգիսյանը դժգոհ էր ծխից» արտահայտությունը դա լրատվամիջոցների շահարկումն է: Մարդ, որ ծուխը չի ուզում շնչել, դա այլ բան է․․․ Ընդհանրապես անհնարին աշխարհում ոչինչ չկա: Իմ քառասուն տարվա կյանքը դա է ցույց տալիս: Նաև կան բաներ, որ առանց քննարկման խոսել այդ մասին ուղղակի տեղին չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG