Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը համաձայնության են եկել Սիրիային հարվածելու շուրջ․ Արևմտյան ԶԼՄ-ներ


Արխիվ

Արևմտյան երեք գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան սկզբունքային համաձանության են եկել Սիրիային հարվածելու հարցում, և այժմ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հստակեցնում են, թե ինչպես ու երբ սկսեն գործողությունը: Ռուսաստանը, մինչդեռ, զգուշացնում է՝ դա կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:

Այսօր երեկոյան Մոսկվայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցով արտահերթ նիստ է անցկացնելու: Կառույցում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան նախօրեին հայտարարել է՝ այսօր միջազգային հանրության առաջնային խնդիրն է՝ կանխել ծավալուն պատերազմը, որը, ռուս դեսպանի խոսքով, կարող է սկսվել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հասցրած հարվածների դեպքում:

«Դուք հասկանում եք, որ լարվածության աճը կարող է միայն Սիրիայով չսահմանափակվել, քանի որ մեր զինվորականներն այնտեղ են՝ սիրիական կառավարության հրավերով: Ցավոք, մենք չենք կարող բացառել որևէ սցենար, այդ թվում՝ հնարավոր բախումը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև, քանի որ տեսանք Վաշինգտոնից հղված ուղերձները, որոնք խիստ ռազմատենչ են»,- ասել է Նեբենզյան:

Անցած շաբաթավերջին Դամասկոսից քիչ հեռու՝ Դումա քաղաքում, ենթադրաբար քիմիական զենքով իրականացված հարձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Ասադին ու նրա դաշնակից Ռուսաստանին՝ պատրաստվել մոտալուտ հրթիռային հարձակմանը՝ «անմեղ մարդկանց գազով սպանելու համար»: Երեկ էլ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, թե Փարիզն ապացույցներ ունի, որ Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել, և պետք է արժանի հակահարված ստանան: Մեծ Բրիատանիայի կառավարությունն էլ հայտարարել է, որ համաձայն է վճռական քայլեր ձեռնարկել Սիրիայի դեմ: Թե երբ և ինչպես են գործողություն իրականացնելու Սիրիայի դեմ, արևմտյան գերտերությունները չեն հստակեցնում:

Մինչ այդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Սիրիայում իրականացված վերջին քիմիական հարձակման հետևանքով առնվազն 43 մարդ է սպանվել, 500-ը տուժել: Ռուսաստանի արտգործնախարարը, որ մինչ օրս հերքում էր քիմիական հարձակման մասին հաղորդումները, այսօր էլ պնդել է, որ տեղի ունեցածը բեմականացում էր: «Մեր փորձագետները տեղում քիմիական զենքի կիրառման որևէ ապացույց չեն հայտնաբերել, ավելին՝ մենք անհերքելի փաստեր ունենք, որ դա հերթական բեմականացումն էր, որին մասնակցել են ռուսաֆոբիայի այս արշավի առաջին դիրքերում հայտնվելու համար պայքարող մի պետության հատուկ ծառայությունները»,- ասել է Լավրովը:

Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, Լավրովը չի հստակեցրել, չի խոսել նաև Ռուսաստանի ունեցած ապացույցների մասին: Սակայն զգուշացրել է Եվրոպային՝ հնարավոր առճակատումը կբերի միգրանտերի հոսքի ավելացման ու մի շարք այլ զարգացումների, որոնք «պետք չեն ոչ Ռուսաստանին, ոչ էլ Եվրամիությանը»: «Այս ամենը ձեռնտու է միայն նրանց, որոնք բաժանված են օվկիանոսով»,- թերևս Միացյալ Նահանգներին ակնարկելով՝ այսօր հատարարել է Ռուսաստանի արտգործնախարարն ու հույս հայտնել, որ ի վերջո՝ առողջ բանականությունը կհաղթի ու Արևմուտքը սիրիական հարցում «չի գնա արկածախնդրության»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ֆրանսիացի իր գործընկերոջն է զգուշացրել՝ զերծ մնալ Սիրիայում վտանգավոր քայլերից: Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էմանյուել Մակրոնի հետ ու պնդել՝ «այժմ ամենից առաջ պետք է զերծ մնալ չկշռադատված և վտանգավոր քայլերից, որոնք կոպտորեն կոտնահարեն ՄԱԿ-ի կանոնադրությունն ու կունենան անկանխատեսելի հետևանքներ»: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինը նաև ընդգծել է՝ «մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելուց առաջ անհրաժեշտ է մանրազնին ու օբյեկտիվ հետաքննություն անցկացնել»:

Ակնակալվում է, որ արդեն վաղը Ռուսաստանի ու Սիրիայի նախաձեռնությամբ Դումա կժամանեն քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները: Մինչ այդ՝ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Արմուտքի միջև՝ առկա լարվածությունը թուլացնելու համար: Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե Սիրիայում խաղաղություն հաստատելու շուրջ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների հետ: «Լարվածությունը կարծես մի փոքր նվազել է: Սակայն մենք շարունակում ենք բանակցությունները»,- այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասներ հաղորդելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG