Մատչելիության հղումներ

Հանրապետականները համոզված են՝ ապրիլի 17֊ին խորհրդարան գնալու «ձևը կգտնեն»


Արխիվ – Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում իշխող Հանրապետական կուսակցության համաժողովում, 26-ը նոյեմբերի, 2016թ․
Արխիվ – Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում իշխող Հանրապետական կուսակցության համաժողովում, 26-ը նոյեմբերի, 2016թ․

Հանրապետական պատգամավորների համոզմամբ որևէ մեկն իրավունք չունի ապրիլի 17֊ին փակել իրենց տան մուտքերը, թույլ չտալ այդ օրը գնալ խորհրդարան և իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրել: Իշխող ուժի ներկայացուցիչները շեշտում են՝ պատրաստ են իրենց ազատ տեղաշարժի իրավունքը պաշտպանել:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ է արել ապրիլի 17-ին ոչ միայն շրջափակել Ազգային ժողովը, այլև իշխանական պատգամավորների տները:

Մինչդեռ Հանրապետականները վճռական են իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը շեշտում է` դա հակասահմանադրական քայլ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ ուներ, դա պետք է արտահայտեր 2 տարի առաջ՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Իսկ փոփոխված Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի առաջադրման իրավունք ունի խորհրդարանական մեծամասնությունը: Այնպես որ Հանրապետականը օգտվելու է իր այդ իրավունքից և ընտրելու է վարչապետ։

Ինչպես Մարգարիտ Եսայանն է ասում՝ չի կարծում, թե ապրիլի 17֊ին իրեն գցելու են պարկը և չեն թողնելու գնալ աշխատանքի․ - «Հիմա՝ դուռը կփակեն, լուսամուտը կփակեն, չգիտեմ՝ օդանցքները կփակեն․․․ դրանք բոլորը նշանակում են բռնի ուժի կիրառում, որովհետև մարդը ազատ է տեղաշարժվելու Հայաստան Հանրապետությունում, ինչպես իր տնից դուրս գալու, այնպես էլ իր տուն մտնելու համար, և եթե, օրինակ, իմ տան մոտ հավաքված լինեն մարդիկ և ես դուռը բացեմ և ուզենամ դուրս գալ, չեմ կարծում, որ ինձ կբռնեն և կգցեն պարկի մեջ, որպեսզի ես չգնամ աշխատանքի»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ Փաշինյանը հորդորում է բռնություն չկիրառել, անգամ կոնֆետներ ունենալ, որպեսզի պատգամավորներին կոնֆետներ հյուրասիրեն, սիրալիր լինեն, Մարգարիտ Եսայանը արձագանքեց․ - «Եթե այդպիսի բան լինի ու իմ ժամանակը ների, որպեսզի նիստից չուշանամ, ես այդ մարդկանց մեր տուն կհրավիրեմ, սուրճ կհյուրասիրեմ, մի քիչ կզրուցենք, կփորձեմ բացատրել Սահմանադրությունը և սահմանադրական պահանջը: Բայց անկեղծորեն եմ ասում՝ ես գրեթե համոզված եմ, որ նման բան չի կարող լինել»:

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը նույնպես Փաշինյանին և նրա աջակիցներին հորդորում է հակասահմանադրական քայլերի չգնալ, զգուշացնելով՝ նրանք կհայտնվեն ծիծաղելի իրավիճակում: Եվ բացի այդ, Աճեմյանի համոզմամբ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն այնքան փոքրաթիվ են, որ ֆիզիկապես էլ չեն կարողանալու պատգամավորների տների մուտքերը փակել․ - «Որևէ մեկի իրավունքները սահմանափակել՝ դա համարում եմ անթույլատրելի: Երկրորդ՝ երբ որ ասում են, որ մենք կգնանք, կփակենք՝ ես նայում եմ իրենց քայլերին, այդ արշավներին, երթերին, և այնտեղ հարյուր մարդ էլ չեմ տեսնում: Այսինքն, դա ֆիզիկապես էլ հնարավոր չէ որևէ մեկի դռան մոտ կանգնել, փակել, թույլ չտալ: Ես կարծում եմ, որ պարզապես ծիծաղելի վիճակի մեջ կընկնեն իրենք և մեր իրավունքները ոչ մեկը չի կարող սահմանափակել: Նախ՝ որևէ մեկը չի կարող փակել իմ տան մուտքը, համոզված եմ: Երկրորդը՝ ես ձևեր կգտնեմ, որպեսզի գամ և իմ իրավունքը իրացնեմ, նաև հորդորելով, խոսելով և բացատրելով»:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ շեշտում է՝ որևէ մեկը իրավունք չունի իր տան մուտքը փակել․ - «Ես չեմ կարծում, որ դա բխում է նույն մարդու իրավունքների համար պայքար տանող կառույցից կամ անհատից»:

Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ասում է՝ եթե իմ տունը շրջափակեն, ես շատ հանգիստ կիջնեմ ներքև․ - «Քաղաքացիական պարտքը խորհրդարան գալն է, իջնելու եմ՝ գամ խորհրդարան: Եթե իմ տունը շրջափակեն, ես շատ հանգիստ կիջնեմ ներքև: Այսինքն, մենք արդեն գժական միջավայրում ենք ապրում, երբ որ մարդուն չեն թողնում ինքը գնա իր աշխատանքի՞ն: Այդպիսի երևույթ չի կարող լինել»:

«Ազատության» ճշտող հարցին՝ եթե, այնուամենայնիվ, տեսնի, որ իր տան մուտքը շրջափակված է, ոստիկան կկանչի՞, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Այդ մասին չեմ մտածում, որովետև մեր ժողովուրդը կողքի հարևան ժողովուրդներից չի, սա Հայ ժողովուրդն է: Չեմ էլ կարծում, որ պիտի շրջափակեն, շրջափակեն ի՞նչ անեն»:

Նշենք, որ Ոստիկանությունն արդեն զգուշացրել է՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, հավաքի մասնակիցները նաև չպետք է խոչընդոտեն հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ քանի դեռ հավաքը խաղաղ է, Ոստիկանությունը պետք է աջակցի անհնազանդության իրենց ակցիաներին: Ինչ վերաբերում է Հանրապետական պատգամավորների կողմից հնչող քննադատություններին, թե իրենց տան մուտքերը փակելու քայլը հակասահմանադրական է, Փաշինյանը հակադարձում է՝ պատգամավորների մանդատի տերը ժողովուրդն է, և եթե նրանք դրանք օգտագործում են կամայական ձևով, ուրեմն ժողովուրդը կարող է կասեցնել այդ մանդատների օգտագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG