Մատչելիության հղումներ

Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասան Երևան


Բողոքի քայլերթ նախաձեռնած Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հասավ Երևան, 13-ը ապրիլի, 2018 թ․

«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Այսօր կեսօրին մոտ, ոտքով անցնելով մոտ 200 կմ ճանապարհ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հասավ մայրաքաղաք Երևան: Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում նրանց էին սպասում մի քանի տասնյակ ակտիվիստներ:

Այսպիսով, Երևանում մեկնարկեց բողոքի քայլերթի եզրափակիչ մասը, որն ավարտվելու է Ազատության հրապարակում: Այսօր երեկոյան այնտեղ նախատեսված է հանրահավաք: Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանրահավաքում հանդես է գալու ծավալուն ծրագրային ելույթով, որում, այլ հարցերի թվում, կանդրադառնա նաև իրենց շարժմանը ընդդիմադիր այլ ուժերի միանալ-չմիանալու հետ կապված հարցերին:

Կհնչեն նաև գնահատականներ «Ելք» դաշինքին անդամակցող մյուս ուժերի՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» և Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դիրքորոշումների վերաբերյալ:

Այսօրվա ընթացքում նախատեսված են բողոքի այլ գործողություններ ևս: Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի՝ վաղը կայանալիք ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում սպասվում է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումը, Փաշինյանն ասաց, թե կփորձի հանդիպել «այդ դահլիճում ներկա մարդկանց հետ»:

Մտադի՞ր են արդյոք շրջափակել նաև այն շենքը, որում տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, այս հարցին ի պատասխան, Փաշինյանը նշեց․ «Բոլոր սցենարների մասին, ըստ էության, ասվել է, և դրանց իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG