Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՊԵԿ


Հայաստան ներմուծված ավտոմեքենաներ մաքսատանը, արխիվ
Հայաստան ներմուծված ավտոմեքենաներ մաքսատանը, արխիվ

2018 թվականի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան, հաղորդում է կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանի, հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր:

«Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի՝ 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց՝ ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278.6 տոկոս աճ: Աճը հիմնականում պայմանավորված է նաև ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018-ից ներդրված նոր աշխատաոճով», - ասել է ՊԵԿ պաշտոնյան:

Գևորգյանը նաև նշել է, որ ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը․ - «Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի, ինչ թույլ է տալիս ավտոմեքենա ներկրողներին բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքն ու պլանավորել ծախսերը»:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG