Մատչելիության հղումներ

«Պուտինը ցար չէ, մենք էլ ճորտեր չենք», Նավալնին նոր համառուսաստանյան հանրահավաքի կոչ է անում


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

«Պուտինը ցար չէ, մենք էլ ճորտեր չենք»,- երեկ հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ իր աջակիցներին կոչ անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին դուրս գալ փողոց ու բողոքի գործողություններ իրականացնել:

Երեկ տարածած իր տեսաուղերձում Նավալնին ռուսաստանցիներին կոչ է անում մայիսի 5-ին հանրահավաքներ անցկացնել՝ «ընդդեմ միապետության հաստատման, ընդդեմ գրաքննության, կոռուպցիայի, աղքատության և անհավասարության»:

Մայիսի 7-ին, հիշեցնենք, տեղի է ունենալու Պուտինի երդմնակալության արարողությունը: «Նա արդեն 18 տարի ղեկավարել է մեր երկիրը, այս երկրում ամեն ինչ պատկանում է իրեն, իր ընկերներին, իր ընտանիքին, իսկ մեզ հետ նա չի ցանկանում հաշվի նստել: Պուտինն այս 6 տարիներին ցանկանում է նախագահել ոչ թե որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ որպես իսկական ցար: Եթե մենք փողոց դուրս չգանք և լուռ դիմանանք, մենք պարզապես կվերածվենք ճորտերի»,- իր տեսաուղերձում նաև հայտարարում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի իշխանություները Կրեմլի գլխավոր քննադատ Նավալնիին արգելել էին մասնակցել մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, պնդելով, թե նա դատվել է վիճահարույց «Կիրովլեսի» գործով: Դրանից հետո Ալեքսեյ Նավալնին ընտրությունները բոյկոտելու կոչ էր արել: Առաջիկա ակցիաների իրականացման արտոնություն ստանալու համար Նավալնիի թիմը դեռ Մոսկվայի քաղաքապետարան չի դիմել, սակայն, ընդդիմադիր գործիչն արդեն իսկ հայտարարել է, որ մայիսի 5-ին անցկացնելու է համառուսաստանյան հանրահավաք:

Հիշեցնենք՝ 2012 թվականի մայիսի 6-ին, Պուտինի երրորդ երդմնակալության նախօրեին, ցուցարարների և ոստիկանների միջև լուրջ բախումներ էին տեղի ունեցել Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում: Ի հետևանք՝ հաջորդ օրը պաշտոնը վերստանձնած Պուտինի ավտոմեքենան անցավ ամբողջությամբ շրջափակված ու դատարկ փողոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG