Մատչելիության հղումներ

Ալիևը թերևս կշարունակի Ադրբեջանը ղեկավարել հորից «ժառանգած» ավանդական թիմով


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է նախագահական ընտրություններում, Բաքու, 11-ը ապրիլի, 2018թ․

Չի բացառվում, որ չորեքշաբթի օրը 86 տոկոս կողմ ձայներով չորրորդ անգամ Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիևը առաջիկա 7 տարիներին էլ երկիրը ղեկավարի իր ավանդական թիմի հետ, որը «ժառանգություն է ստացել» դեռևս հորից՝ Հեյդար Ալիևից:

Ինչպես նշում է ադրբեջանական անկախ Meydan TV-ն, նրանցից շատերի անունները կապվում են խոշոր կոռուպցիոն գործարքների, բազմամիլիոնանոց բիզնեսների հետ:

Լրատվամիջոցը պատմում է, թե ինչով են հայտնի Ալիևի թիմի արդեն զառամյալ ներկայացուցիչները, ովքեր շուրջ երկու տասնամյակ շարունակում են պաշտոնավարել:

Ադրբեջանական իշխող վարչակազմի թերևս ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ 80-ամյա Ռամիզ Մեհթիևը, ում համարում են ստվերային գործիչ, նախագահի աշխատակազմը ղեկավարում է 23 տարի շարունակ: Նրա անունը հայտնի է 2010-ին տեղի ունեցած սկանդալային պատմությամբ, երբ լրագրողները պարզել էին, որ նա իր պատգամավորական մանդատը վաճառել է շուրջ մեկ միլիոն մանաթով:

Ադրբեջանի ամենատարեց պետական գործիչը՝ 83-ամյա Արթուր Ռասիզադեն վարչապետի պաշտոնը ստանձնել է 22 տարի առաջ և մինչ օրս պաշտոնավարում է:

Ռասիզադեի տեղակալ Աբիդ Շարիֆովը ոչ միայն իր պատկառելի տարիքով, այլև ունեցվածքով չի զիջում վերադասին: Հենց նա է համարվում երկրի շինարարական ամենախոշոր ընկերություններից մեկի սեփականատերը, ինչը, ի դեպ, թեև օրենքով արգելված է, սակայն Շարիֆովը չի էլ թաքցնում: Նա բացեիբաց խոստովանում է, որ զուգահեռաբար նաև գործարարությամբ է զբաղվում, անգամ նախատում է այդ մասին իրեն հարցնող լրագրողին:

Ադրբեջանի վարչապետը ևս մեկ տեղակալ ունի՝ 73-ամյա Յագուբ Էյուբովը, ով պաշտոնը ստանձնել է 19 տարի առաջ: Ըստ արևմտյան մի շարք հեղինակավոր պարբերականների հետաքննական նյութերի՝ Էյուբովի ընտանիքը զբաղվում է Եվրոպայում Ադրբեջանի իշխող ընտանիքի փողերի լվացմամբ:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը վերջին 23 տարիներին անընդմեջ ղեկավարում է Ռամիլ Ուսուբովը, ում գերադաստանը հայտնի է, մասնավորապես, ռեստորանային բիզնեսով:

Ալլահշաքյուր Փաշազադեն՝ երկրի կրոնական առաջնորդը, թեև 38 տարի է գլխավորում է Կովկասի մահմեդականների վարչությունը, այդուհանդերձ, նրա անվան հետ են կապվում աշխարհիկ գործիչներին բնորոշ սկանդալային պատմություններ: Փաշազադեին անվանում են «մրգերի արքա»՝ որոշ մրգեր Ադրբեջան ներկրելու իրավունք ունի միայն նա, ում բիզնես կայսրությունը, սակայն, դրանով չի սահմանափակվում: Ըստ Meydan TV-ի՝ հոգևոր առաջնորդը շենք-շինություններ ունի Չեխիայում: Մի առիթով 69-ամյա Ալլահշաքյուր Փաշազադեն խոստովանել էր․ - «Արդեն 33 տարի է ես շեյխ ուլ իսլամ եմ, բայց մինչ օրս չգիտեմ ինչ է խիղճը»:

Meydan TV-ն առանձնացնում է ևս մեկ ադրբեջանցի պաշտոնյայի՝ գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին, ով իր պաշտոնավարման 18 տարիներին թերևս մի քանի հարյուր լրագրողների, բլոգերների, ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների է ուղարկել բանտ: Նրան այդ գործում օգնած արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը պաշտոնավարում է 2000 թվականից. նա նախագահի զարմիկն է, և նրա անվան հետ է կապվում երկրի ամենախոշոր հավաբուծական ֆերմաներից մեկը:

Փախստականների խնդիրներով զբաղվող գերատեսչության ղեկավար, փոխվարչապետ Ալի Հասանովը իր քսանամյա պաշտոնավարման ընթացքում առանձնացել է ոչ այնքան սոցիալական նախագծերով, որքան՝ թոռան շնորհիվ, ով տարիներ շարունակ պարբերաբար մարդկանց մահվան պատճառ է դարձել և շարունակել ազատության մեջ մնալ:

Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը 56 տարեկանում հասցնել է դառնալ Ադրբեջանի ամենահարուստ մարդը՝ Ալիևներից և Փաշաևներից հետո, հավելում է Meydan TV-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG