Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը որպես երկրի տեր ուզում է տեսնել Սերժ Սարգսյանին


«Երկրին տեր է անհրաժեշտ», - կարծում է Գալուստ Սահակյանը: Իսկ որպես երկրի տեր ՀՀԿ փոխնախագահն ուզում է տեսնել Սերժ Սարգսյանին:

Մինչև երեկ՝ վարչապետի թեկնածուի շուրջ պաշտոնական քննարկումների մեկնարկը, Հանրապետականները ամենատարբեր բնորոշումներով՝ անփոխարինելիից մինչև անթերի, ամենափորձառուից մինչև ամենաիմաստուն, փորձում էին հիմնավորել, թե ինչու Սարգսյանը պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնին չհավակնելու՝ դեռևս 2014-ին արած հայտարարությունից։

Սահակյանն այսօր թարմացրեց հիմնավորումների շարքը․ - «Մեր երկրին տեր է անհրաժեշտ, տեր: Կառավարման պրոցեսում, ինձանից սկսած շատ-շատերը, մենք չգիտենք պառլամենտական կառավարման պրոցեսները ինչպիսի նորություններ կբերեն մեր ժողովրդի համար: Այսինքն, մենք պիտի կարողանանք ընտրել էնպիսի ճանապարհ, որը ինչ-որ ձևով ավելին լինի, քան նախագահական ժամանակաշրջանում: Ես այս պահին, բնականաբար, եթե վարչապետ ենք առաջարկում Սերժ Սարգսյանին, իրեն են տեսնում: Եթե ուրիշ մեկը լիներ, իր անունը կտայի»:

Երեկ, հիշեցնեմ, ՀՀԿ գործադիր մարմինը սկսեց քննարկել վարչապետի թեկնածության հարցը: Իշխող կուսակցությունն առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Սերժ Սարգսյանին համոզելու կարիք չի եղել», - Հանրապետականի գործադիր մարմնի երեկվա նիստից մանրամասներ փոխանցեց կուսակցության փոխնախագահ Սահակյանը․ - «Համոզելու կարիք կլիներ այն դեպքում, երբ որոշակի քննարկումներ լինեին, և այդ քննարկումների ընթացքում որոշակի մտքեր արթնանային: Խնդիրը հետևյալն էր՝ որ բոլորը մեկ առ մեկ այդ խնդրի մասին խոսեցին դրական առումով»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Գործադիր մարմնի բոլոր անդամները երեկ ունեցել են դրական ելույթներ: Սերժ Սարգսյանը եղել է լսողի դերում:

Ընդդիմադիրներն այս օրերին չեն դադարում խոսել Սարգսյանի ձախողումներից: Նրա նախագահության տասը տարիներին, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, պետական պարտքն աճել է 3.5 անգամ, պակասել է Հայաստանի մշտական բնակչությունը, ավելացել են աղքատներն ու գործազուրկները:

Նիստին ներկաներից որևէ մեկը, Գալուստ Սահակյանի խոսքով, ընդդիմադիրների մատնանշած ձախողումների մասին չի խոսել․ - «Ես չեմ կարծում, որ որևէ տեղ Սերժ Սարգսյանը ձախողվել է: Այն խնդիրները, ինչ որ մեր հանրապետությունը չի կարողանում լուծել, որ այսօր ժողովուրդն է պահանջում, բավականին բարդ խնդիրներ են, և դրա համար ժամանակաշրջան է պետք: Եվ երբեք մի մտածեք, որ հանրապետության եղած կամ չեղած գործերով ինչ-որ մեկ անձը պիտի կարողանա պատասխան տալ: Երկրի ամրապնդումը, եղած ցուցանիշները՝ սպորտից ցուցանիշներ ունենք, երաժշտությունից ունենք, ճանապարհներից ունենք, պատերազմից ունենք»:

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրի երկուշաբթի: Իսկ շաբաթ օրը վարչապետի թեկնածության հարցը կքննարկվի նաև կուսակցության խորհրդի նիստում:

Այդ մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը դեռ չգիտի՝ ելույթ կունենա նիստում թե ոչ, բայց ասաց, որ կարծիքը այսօր չի փոխել՝ «Հայաստանի անկախության գործընթացում մեծ դերակատարություն ունեցող պետական գործիչներն իրավունք չունեն պաշտոնը թողնելուց հետո գնալ, իրենց տանը նստել»․ - «Այն փորձառությունը, որը ունի Սերժ Սարգսյանը, ուղիղ Հայաստանի անկախ հանրապետության տարիքին է: Եվ այդ փորձառությունը տաղանդի նման է իսկապես: Ես անձի մասին չեմ ասում: Այդ փորձառությունը շատ կարևոր է մեր պետության համար, որովհետև մենք նորանկախ պետություն ենք, շատ բաներ ունենք սովորելու, նոր ճանապարհ ենք անցնում: Եվ ես ուրախ եմ, որ վարչապետի աշխատանքում Սերժ Սարգսյանը կունենա նոր հնարավորություններ Հայաստանի Հանրապետության բոլոր այն խնդիրները, որոնք մենք չենք հասցրել լուծել, որոնք ծառացած են մեր ժողովրդի, մեր հասարակության առաջ, բոլոր այդ խնդիրներին լուծում տալ այս կամ այն չափով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG