Մատչելիության հղումներ

Սարգսյանի իշխանավարման դեմ պայքարող ուժերը վաղվանից հանդես կգան համատեղ ակցիաներով


Հայաստան -- Ցուցարարները արգելափակում են Տիգրան Մեծ պողոտան՝ բողոքելով Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ, 11-ը ապրիլի, 2018թ․

Սերժ Սարգսյանի իշխանավարության երկարաձգումը կանխելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը վաղվանից հանդես են գալու համատեղ բողոքի միջոցառումներով, այսօր «Ազատությանն» ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այդ երեքով իրար հետ համատեղ արդեն մի քանի օր է գործում են, ըստ էության, և այն ակցիաները, որ հիմա արդեն կատարվում են, անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյան քայլարշավը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության երթերը կամ մեր հավաքները», - մանրամասնեց Մարտիրոսյանը: - «Այդ բոլորը միաձուլել ենք, ըստ էության, և մենք հիմա բոլոր հավաքները, քայլերը միասին ենք իրականացնում: Բոլորին ամեն տեղ կտեսնեք: Եվ հետագայում ևս համատեղ է լինելու, որոշումների կայացման մեխանիզմը ևս համատեղ է լինելու, ինչպես հիմա է։ Մենք միասին կքննարկենք քայլերը և կփորձենք ամենաարդյունավետ քայլը իրականացնել»:

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վաղը Պաշտպանության նախարարության դիմաց պատրաստվում է զինվորականներին ուղղված կոչով հանդես գալ, իսկ Ազատության հրապարակում նախատեսվող հավաքներին միանալու մասին հարցին Փոստանջյանը պատասխանեց․ - «Միայն Ազատության հրապարակով սահմանափակվելը դա ընդհակառակը՝ սխալ մեթոդաբանություն է, և միայն մի քանի օրով հայտարարություններ անելը և բողոքներ իրականացնելը դա սխալ մեթոդաբանություն է: Հետևաբար, մենք կողմնակից ենք, որ պետք է լինեն ցանցային պայքարի միջոցներ, ցանցային հանրահավաքներ, հետևաբար Ազատության հրապարակը արդեն իսկ, եթե կան մարդիկ, որ պետք է լինեն, դա ողջունելի է: Իմ գործառույթն է՝ որպեսզի ներգրավված լինեն այլ հրապարակներ ևս: Մենք ունենք մեր օրակարգը, և մեր օրակարգով շարժվում ենք, և որտեղ որ կլինենք՝ այդ մասին կտեղեկացնենք»:

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ արդեն մի քանի բողոքի միջոցառումներ իրականացրած «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը բացի Ազատության հրապարակ գնալուց պատրաստվում է իրականացնել նաև խաղաղ բողոքի այլ գործողություններ, այսօր «Ազատությանն» ասաց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը․ - «Երեկ մենք փողոցներ ենք փակել և հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրումից մինչև չհրաժարվեն, մենք այսպիսի շարունակական գործողություններ ենք անելու: Խաղաղ անհնազանդության բազմաթիվ գործիքներ ենք կիրառելու, որպեսզի թույլ չտանք, որպեսզի Սերժ Սարգսյանը վերարտադրվի»:

Ընդդիմադիրների համար իշխող Հանրապետականի գործադիր մարմնի կողմից արդեն պաշտոնաթող նախագահին վարչապետի թեկնածու առաջադրելը անակնկալ չէր, նրանց պնդմամբ՝ Սարգսյանը դեռ սահմանադրական փոփոխություններից սկսած էր պատրաստվում երրորդ անգամ երկիրը ղեկավարելուն:

Հանրապետականի գործադիր մարմնի կողմից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին երեկ հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միաձայն, առանց որևէ այլ թեկնածություն քննարկելու Սերժ Սարգսյանի առաջադրումն իր գլխավորած կուսակցության կողմից հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանը, ասում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի՝ չորս տարի առաջ արած հայտարարությունը, որ ինքը վարչապետ չի առաջադրվելու նախատեսված էր արտաքին աշխարհի համար, և ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը՝ Սարգսյանը վախենում է դուրս մնալ քաղաքական համակարգից ու արագորեն կորցնել իշխանությունը․ - «Կարող է ներսում շատ արագ դավադրություն լինի, նույնիսկ մի քանի օրը՝ տասը օրը կամ քսան օրը: Եթե հիշում ենք՝ նախկինում քսան օրվա ընթացքում պետք է նշանակեին, բերեցին օրենք փոխեցին, որ ավելի արագ կատարեն: Դա խոսում է Սերժ Սարգսյանի վախերի մասին»:

Կուսակցական որոշմամբ Սարգսյանին առաջադրելը ձևական գործընթաց է, իրականում միակ որոշողը Սերժ Սարգսյանն է, կարծում են ընդդիմադիրները:

«Ժառանգության» նախագահի պնդմամբ՝ նախորդ նախագահների օրոք նման իրավիճակ չի եղել․ - «Ընդ որում և՛ իրավական, և՛ ստվերային գործընթացների արդյունքում ինքը դարձավ միայնակ որոշողը»:

Սերժ Սարգսյանի հնարավոր վաչապետության դեմ օրեր շարունակ քայլերթ իրականացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղը հասնելու է Ազատության հրապարակ: Ընդդիմադիրները վստահ են՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է կանխել Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG