Մատչելիության հղումներ

Մարուքյանը՝ Կարապետյանին․ «ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ Ձեզ կիրառեց որպես տեխնոլոգիա»


«Հանրապետական կուսակցությունն ընտրությունների ժամանակ Ձեզ կիրառեց որպես տեխնոլոգիա և մարդիկ տրվեցին դրան», - դիմելով այսօր խորհրդարան հարցուպատասխանի եկած վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ հայտարարեց «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ մարդիկ հիասթափված են Կարեն Կարապետյանից, որովհետև սպասում էին, թե նա է լինելու վարչապետը:

Երկուշաբթի հենց Կարեն Կարապետյանը հայտարարեց որպես առաջին դեմք Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու մասին: Նրա հավաստմամբ՝ դա իր և արդեն նախկին նախագահի որոշումն է։

Վարչապետի պաշտոնակատար Կարապետյանը նախընտրեց արձագանքել միայն Մարուքյանի հայտարարության այն հատվածին, որը վերաբերում էր հիասթափությանը:

«Հիասթափություն կա, թե չէ՝ դա Ձեր գնահատականն է: Երկրորդը՝ իմ ելույթը եթե լսել եք, իմ պատկերացմամբ ինքը չի հակասում բոլոր մնացած ելույթներին, որի մասին ես ասել եմ», - պնդեց Կարապետյանը:

Մարուքյանը հարց հնչեցրեց նաև Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության մասին․ - «Ունե՞ք Դուք ինչ որ տեսլական, որպես առաջին հավանական փոխվարչապետ, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ, թե ինչպես ենք մենք այս իրավիճակից դուրս գալու․ ռուբլին գահավիժում է, ԵԱՏՄ տնտեսությունը ավելի է հարվածի տակ ընկնելու և Հայաստանի տնտեսությունը, որը Դուք այդքան շատ կապել եք, Հանրապետական կուսակցությունով, այդ տնտեսության հետ, ինչպես ենք մենք այս իրավիճակից դուրս գալու»:

«ԵԱՏՄ անդամակցությունը ճիշտ քայլ էր», - հայտարարեց Կարապետյանը,- «Ինչ վերաբերում է՝ ինչքանով ենք մենք ԵԱՏՄ-ից կախված, ճիշտ ենք արել, թե չէ՝ համոզված եմ, որ ճիշտ ենք արել: Մի պարզ տրամաբանությամբ, որ մեր տնտեսությունը, մեր պոտենցիալը ուղղված է այդ շուկաների վրա: Լավ է, թե՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան՝ վատ է: Բայց դա կատաստրոֆա՞ է՝ ոչ»:

Մարուքյանի դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատարը չանդրադարձավ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների, ռուբլու գահավիժման մասին իր հարցերին, ավելին՝ մատնանշեց, որ Ռուսաստանում աշխատող հայ վարորդները պրոբլեմ ունեն, Կարապետյանը հակադարձեց․ - «Որովհետև Կառավարությունը այդ հարցին այդքան ուշադրություն, ինչքան Դուք հիմա փորձում եք տալ, չի տալիս: Պարզ ձևակերպել եմ՝ կա՞ պրոբլեմ այդ շուկայում՝ կա, կատաստրոֆա՞ է՝ ոչ: Ի՞նչ ենք անում՝ այլ շուկաների վրա աշխատում ենք։ Իսկ ի՞նչ եք առաջարկում, գնանք ռուբլին մենք կարգավորե՞նք: Իսկ ո՞վ է ասել, որ վաղը եվրոպական շուկայում չի լինելու ճգնաժամ: Վարորդները պրոբլեմ ունեն՝ կլուծենք: Էդ ի՞նչ մի պրոբլեմ է: Ի՞նչ են ասում վարորդներին՝ ասում են, եթե այս երկրում ուզում ես աշխատես, դու պիտի ռուսերեն իմանաս»:

«Ելք»-ից Մանե Թանդիլյանն էլ անդրադարձավ Կարեն Կարապետյանի վերջին հայտարարությանը, որտեղ վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել էր, թե համատեղ հաջողությունները հաշվի առնելով են որոշել որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Թանդիլյանը հիշեցրեց աղքատության մակարդակը կրճատելու, արտահանման ցուցանիշների աճ ապահովելու Սերժ Սարգսյանի չկատարած խոստումները․ - «Այս կանխատեսումները, որը Դուք հմտորեն անում եք և նաև կանխատեսում եք ապագա վարչապետի թեկնածությունը, ինչպիսի՞ կյանքի տևողության աճ ունենանք, որ կարողանանք ականատես լինենք դրանց իրականացմանը»։

«Որ ասեմ հարցը մինչև վերջ հասկացել եմ՝ չէ, բայց կփորձեմ պատասխանել», - արձագանքեց Կարեն Կարապետյանը, - «2017-ին ապահովել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Մենք այս տարի կանխատեսել ենք 4.5 տոկոս տնտեսական աճ: Եթե որևիցե ֆորս-մաժորային իրավիճակ չլինի, մենք կանխատեսում ենք դրանից բարձր թիվ: Եվ նման հետևողականորեն շարունակելով՝ մենք գալու ենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա և՛ աշխատատեղերի ստեղծելով, և՛ սոցիալական փաթեթներով, և՛ այլն: Իսկ ինչքա՞ն երկար ապրի՝ ինչքան երկար ապրի, այնքան լավ»:

«Կարծեմ մեր երկրում շատ քիչ մարդ կա, որ չհասկացավ հարցի իմաստը, որովհետև այն խոստումները, որոնք չեն կատարվել, դրանց թվարկելը անհամար է: Իրականում կարող է Ձեզ համար զավեշտալի է հնչում, բայց իրականությունն այն է, որ այն կանխատեսումները, որոնց մասին խոսում եք, որևէ շոշափելի բարեկեցության չի վերածվում քաղաքացիների կյանքում», - հակդարձեց Մանե Թանդիլյանը, ինչին վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց․ - «Իրականում ուզո՞ւմ եք իմ կարծիքը լսել՝ 7.5 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ մեր բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ: 100 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ: Մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որևիցե երկրում՝ ոչ: Ինչքա՞ն տնտեսական աճ լիներ, որ բոլորը իրենց վրա զգային՝ գոյություն չունի այդպիսին: Հասկանո՞ւմ եք՝ էդ պրոցեսը անընդհատ է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցը առողջապահության նախարարին էր ուղղված, սակայն Կառավարության պաշտոնակատարները մի քանի րոպե չին կողմնորոշվում՝ պատասխանել, թե չպատասխանել:

«Ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարը ամենաժպտադեմ նախարարն է», - հարցրեց Պետրոսյանը:

«Ճիշտն ասած՝ ես գնահատականների հետ համաձայն չեմ, որ նախարարությունը անմխիթար է և ոլորտն է անմխիթար: Մենք ունենք բազմաթիվ բարձրորակ բժիշկներ և Հայաստանում կյանքի տևողությունը միջին համաշխարհային ցուցանիշներին համահունչ է», - ի վերջո արձագանքեց Լևոն Ալթունյանը:

Կարեն Կարապետյանն ու այս պահին պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող Կառավարության անդամները թերևս վերջին անգամ պատասխանեցին պատգամավորների հարցերին: Հաջորդ շաբաթ նախատեսված է նոր վարչապետի ընտրությունը, ապա՝ նոր Կառավարության ձևավորումը: Կարեն Կարապետյանը գնահատեց՝ իրենց մեկուկես տարվա աշխատանքից բավարարվելու իրավունք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG