Մատչելիության հղումներ

Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ Լեռնային Ղարաբաղում քրգործ է հարուցվել


Ասյա Խաչատրյան, արխիվ
Ասյա Խաչատրյան, արխիվ

Ստեփնակերտում Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրությունում նշվում է. - «2018 թվականի ապրիլի 6-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»:

ԼՂ դատախազությունից հայտնում են, որ տարվում է նախաքննություն։

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Ազատությանը» փոխանցեցին, որ ՀՔԾ-ը վարույթ է ընդունել Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ ՀՀ դատախազությունում հարուցված քրեական գործը։ Հաղորդեցին նաև, որ այժմ նախաքննություն է ընթանում։

Հիշեցնենք, Ասյա Խաչատրյանը հայտարարել էր, որ փետրվարի 1-3-ը հետապնդման է ենթարկվել Ստեփանակերտի ոստիկանների կողմից․ վերջիններս ներխուժել են իր բնակարան, առանց որևէ պատճառաբանության բերման ենթարկել բաժանմունք, այնտեղ բռնություն կիրառել իր նկատմամբ, ծաղրել կապույտ մազեր կրելու և ծխելու համար, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG