Մատչելիության հղումներ

«Եթե ժողովուրդը 100 հազարներով դուրս գա փողոց և ես հաղթանակ չապահովեմ, ես կհեռանամ քաղաքականությունից». Նիկոլ Փաշինյան


Այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն էր «Իմ քայլը» քայլերթը նախաձեռնած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը: Ստորև ներկայացնում ենք մի հատված Փաշինյանի հետ մեր զրույցից:

Հարց․ - Պարոն Փաշինյան, Դուք արդյո՞ք պայքարում եք համակարգի դեմ: Նկատի ունեմ կլանին, որը 28 տարի կա: Ենթադրենք Սերժ Սարգսյանին չառաջադրեցին, համաձայն կլինե՞ք, որ ՀՀԿ-ից այլ թեկնածու առաջադրվի, թե՞ կպահանջեք անցկացնել նոր ընտրություններ, որտեղ քրեաօլիգարխիկ մասսան իրենց մասնակցությունը չի ունենա: Ժողովրդին ստիպելո՞ւ եք ձեռքները վեր բարձրացնել որպես հնազանդության նշան՝ ցույցի ժամանակ:

Փաշինյան․ - Մենք ասել ենք, որ առանց բռնություն կիրառելու հաղթահարելու ենք նաև ոստիկանության պատնեշները, եթե դրա անհրաժեշտությունը ծագի, բայց ես չեմ կարծում, որ ոստիկանական պատնեշները հաղթահարելու համար անհրաժեշտ է բռնություն գործադրել: Դա կարելի է անել առանց բռնության, եթե մեր թիկունքում լինի այնքան քաղաքացի, որի էներգետիկայով և ներկայության ուժով մենք կկարողանանք այդ պատնեշները հաղթահարել: Մենք ասել ենք, մեր պլանները չենք էլ թաքցնում: Մենք ակնկալում ենք այնքան քաղաքացիների ներկայություն, որ հնարավոր լինի շրջափակել Ազգային ժողովի շենքը և թույլ չտալ, որ այնտեղ որևէ վարչապետի ընտրություն տեղի ունենա և շրջափակել ցանկացած այլ շենք, որտեղ կփորձեն վարչապետի ընտրություն անել Սերժ Սարգսյան թեկնածուով կամ որևէ այլ հանրապետական թեկնածուով:

Հարց․ - Իսկ եթե շրջափակելու ժամանակ ոստիկանությունը փորձի միջամտել, Դուք գիտեք, թե ինչպես են միջամտում և ինչպես են փորձում ազատել ճանապարհը ցուցարարներին։

Փաշինյան․ - Դա է ամբողջ խնդիրը: Եթե նույնիսկ մեր դեմ բռնություն են կիրառում, մենք պետք է ոչ թե գործենք բռնություն կիրառողի դեմ, այլ բռնության նպատակի դեմ:

Հարց․ - Ինչպե՞ս պիտի դիմադրեք: Օրինակ, ասելու են՝ բացեք ճանապարհը:

Փաշինյան․ - Չենք բացելու:

Հարց․ - Եթե զոռով, հրելով հանե՞ն:

Փաշինյան․ - Փորձելու ենք այնպես անել, որ չկարողանան: Եթե մեր թիկունքում տասնյակ հազարավոր ժողովուրդ լինի, պատկերացնո՞ւմ եք՝ տասնյակ հազարավոր ժողովրդին այդտեղից հանել:

Հարց․ - Հիմա հույս ունեք, որ տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվե՞ն:

Փաշինյան․ - Հույս չունեմ․․․ ես ասում եմ՝ եկեք խնդիրը շատ հստակ ձևակերպենք: Եթե մենք ուզում ենք խնդիր լուծել, մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Եթե մենք չունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մենք խնդիր չենք լուծի: Այո՛, մենք կգնանք, քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևեր կկիրառենք, մենք նկատմամբ բռնություն կկիրառեն՝ մենք բռնություն չենք կիրառի, մեզ կձերբակալեն կամ բերման կենթարկեն, բայց մենք խնդիր չենք լուծի: Այսինքն ի՞նչ, որևէ մեկը մտածում է, որ ինքը տանը նստելու է՝ մենք այս տասնհինգ հոգով գնալու ենք իշխանափոխություն անենք, ինքը գա ասի՝ ինչ լավ է, իշխանափախություն տեղի ունեցա՞վ: Չի լինելու այդպիսի բան: Ձեռքները բարձրացնելը շատ կարևոր էլեմենտ է մեր պայքարի մեջ, որ մենք մարդկանց պետք է ցույց տանք, որ մենք բաց ձեռքերով ենք պայքարում, առանց զենքի և զինված չենք: Ընդհանրապես, երբ բռնություն են կիրառում ցուցարարների նկատմամբ, ե՞րբ է դա տեղի ունենում կամ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հենց ուղղակի հո չե՞ն գալիս ու սկսում բռնություն կիրառել: Դրա համար որոշակի կոնտեքստ է ստեղծվում, և, ասենք, ցույցի շարքերից սկսում են ինչ-որ առարկաներ նետել և այլն, այդ ամեն ինչը տեսանկարվում է, որ իբր հարձակում էր ոստիկանների վրա: Իսկ երբ որ ձեռքներս բաց լինի, բոլոր սադրիչները, որոնք պատրաստվում են այդպիսի գործողություն իրականացնել, կերևան: Եվ երկրորդը, երբ որ մենք այսօրվանից ասում ենք, որ մենք ոչ մի ոստիկանի ոչ միայն չենք հայհոյելու, չենք խփելու և այլն, և այլն, մեր ցույցի մասնակիցները արդեն իրենց լիազորված կզգան որևէ այդպիսի գործողություն անողի իրենք արդեն դուրս բերեն այդ ցույցի շարքից:

Եթե ժողովուրդը, ինչպես հիմա ես ակնկալում եմ, տասնյակ հազարներով, հարյուր հազարներով դուրս է գալիս փողոց և չի հաղթում, և ես կոնկրետ չեմ ապահովում իր հաղթանակը, ես հեռանում եմ քաղաքականությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG